Այսօր` օգոստոսի 30-ին, տեղի ունեցավ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստը: Ուսումնական տարվա անսովոր մեկնարկ է այս ֆակուլտետի համար, երկարամյա դեկանը՝ տ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը այլեւս մեր բուհում չի աշխատում: Սակայն համոզված ենք, նա կշարունակի սրտացավորեն հետեւել մեր ընթացքին, կապված կմնա հարազատ հաստատության հետ, որտեղ միշտ սիրված ու հարգված է եղել:
Նիստը բացեց դեկանի պարտականությունները կատարող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Լիանա Խաչատրյանը: Նիստին մասնակցում էր եւ հիմնական բանախոսն էր պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Հրաչյա Զաքոյանը, որը հենց այս ֆակուլտետի շրջանավարտ է, հիմա էլ՝ դասախոս:
Բնականաբար, նոր ուսումնական տարվա շեմին շատ էին խնդիրները, որոնց անդրադարձը անհրաժեշտ էր՝ դժվար համալրում: Հինգ դիմորդից մեկն է կարողացել հաղթահարել անցողիկ շեմը, ըստ պրոռեկտորի սա հրաշալի ցուցիչ է «դրսի» համար եւ այլեւս անցյալում կմնա այն մտայնությունը, թե այստեղ հայտնվելը չափազանց հեշտ է, ուրեմն… պակաս հեղինակավոր: Սա լավ նախադրյալ է, որ Ագրարայինը վերականգնի իր երբեմնի բարի համբավը:
Նոր ենթակառուցվածքներ, արդիական, հրատապ լուծումներ պահանջող խնդիրների լուծումների որոնումներ, կարճաժամկետ դասընթացներ, ծրագրեր… ստեղծագործ մտքի ու գործունեության համար ասպարեզ՝ որքան կամենաք: Իսկ սրանք նաեւ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ են:
Աշխատանքային կիսամյակի առաջին ներդրողն ու դեռեւս միակն ենք ՀՀ-ում: Արդյունքները ավելի քան գոհացնող են, օրինակ՝ Ագրոնոմիականում ուսանողների 99 տոկոսը աշխատանքի առաջարկ է ստացել փորձուսուցման ժամանակ:
Պրոռեկտորի խոսքը ուղիղ էր, շիտակ, շեշտադրումներն էլ հստակ:
Վերջում տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, մեր բուհի ավագագույն դասախոսներից Աշոտ Ոսկանյանը նկատեց, թե համալսարանում շատ կարեւոր, դրական փոփոխություններ են կատարվել, շատ են նաեւ անելիքները: