Պրոֆեսորներ Ռեւիկ Հարությունյանի եւ Տաիրա Պապոյանի դուստրը՝ Շահանեն, այլ ելք չունի՝ գեներն են ուժեղ. կամային է, խելացի, գեղեցիկ: Տասը տարի առաջ, հարազատ բուհի 80-ամյակի կապակցությամբ «ՀԱՍԿԻ» միջոցով շնորհակալական խոսք էր հղել, որն իր արդիականությունը չի կորցրել նաեւ այսօր եւ ներկայացնում ենք փոքրիկ կրճատումներով:
«Հարազատ կրթօջախ, շնորհավորում եմ հոբելյանդ: Քո պատերի ներսում կյանքի դասեր եմ ստացել, կոփվել, համոզվել, որ միայն սեփական ուժերով կարող եմ հաղթահարել բոլոր դժվարությունները:
Ամենուր բարձր եմ պահել պատիվդ: Մագիստրատուրան ավարտել եմ MAICH-ում (Հունաստան): Մեկ տարի խորացրել եմ գիտելիքներս Կոպենհագենի (Դանիա) տեխնոլոգիական համալսարանի մագիստրատուրայում: Ընդունվել եմ Քո ասպիրանտուրայի հեռակա բաժինը: Հետո մասնակցել եմ մրցույթի եւ դարձել Karl-Franzes (Ավստրիա) համալսարանի ասպիրանտ: Գիտական զեկուցումներով հանդես եմ եկել ԱՄՆ-ում, Իտալիայում: Ստացել եմ կենսաբանության դոկտորի գիտական աստիճան եւ հրավիրվել Կանադա՝ աշխատանքի:
Ես ծնկի եմ գալիս Գենետիկա առարկան դասավանդած սիրելի դասախոսիս՝ դոցենտ Աղասի Կարապետյանի հիշատակի առջեւ, որի տված խորը եւ հարուստ գիտելիքները հիմք հանդիսացան իմ հետագա հաջողությունների համար: Աշխատասիրություն, գիտության մեջ ազնվություն, հիմնվել միայն արժանահավատ տվյալների վրա. այս դասերը քաղել եմ իմ ավարտաճառի ղեկավար Հայկ Միրզոյանից՝ դաշտային փորձերի կատարյալ վարպետից: Դու ունեցել ես քայլող հանրագիտարան՝ ակադեմիկոս Վռամ Դովլաթյան, որի հիշատակի առջեւ խոնարհվում եմ…
Շնորհակալ եմ իմ ծնողներից՝ Քո նվիրյալ դասախոսներից, որոնք իրենց ողջ գիտական ու մանկավարժական ունակությունները անմնացորդ տվել են քեզ, եւ որոնց անսահման սերը իմ նկատմամբ չզրկեց ինձ ինքնուրույնությունից:
Դու պարգեւեցիր ինձ հարազատ ընկերուհի՝ Մարգարիտա Սողոյանին, որը Քո լավագույն ուսանողներից էր, եւ նրա հաջողություններով եւս իրավամբ կարող ես պարծենալ:
Ցանկանում եմ երախտագիտության խոսքեր ասել նախկին ռեկտոր Արշալույս Թարվերդյանին, պրոֆեսորներ Ռուզաննա Մանուկյանին, երջանկահիշատակ Միքայել Գյուլխասյանին, Պայքար Խուրշուդյանին, Էդուարդ Հայրապետյանին, որոնց տված երաշխավորագրերը օգնել են ինձ մասնակցելու եւ հաղթելու տարբեր մրցույթներում:
Իմ հարազատ բուհ, մաղթում եմ, որ միշտ ունենաս գիտակ, արժանապատիվ, երախտագետ սաներ: Դու էլ անես ամեն ինչ, որ այդպիսիք շատ լինեն:
Միշտ Քո՝ Շահանե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գյուղմշակաբույսերի սելեկցիա եւ գենետիկա մասնգիտության 2000 թ. շրջանավարտ