Մեր կայացած, զորեղ փաղանգը․ սիրում եմ դժվարություններ հաղթահարել

Ասում է հեռակա համակարգի ուսանողուհի Աշխեն Սարգսյանն ու անդադար դժվարություններ է ստեղծում եւ հերոսաբար հաղթահարում: Կյանքով, եռանդով, արարելու կամքով ու վճռականությամբ լեցուն մի մարդ, որի համոզմամբ հատկապես գյուղատնտեսությունն է կյանք: Եւ անվերապահորեն՝ ճշմարիտ է: Անքննելի:

– Իհարկե էդ խոսքերի հեղինակը Դավիթն է Դավթյան,- համեստորեն հեղինակային իրավունքի կանոնն է պահպանում ուսանողուհին:

Աշխենի պատանեկան երազանքն էր կինոօպերատոր դառնալը: Տանը առարկեցին.

– Դա աղջկա գործ չէ:

Հետո գինու տեխնոլոգիայով հրապուրվեց, իսկ ծնողների կարծիքը նույնն էր.

– Դա աղջկա գործ չէ:

Հետո փոխադարձ համաձայնությամբ ընտրեցին Ագրոնոմիական ֆակուլտետը: Աշխենը հենց առաջին կուրսում հասցրեց ձանձրանալ՝ մինչեւ մասնագիտական դասընթացներին հասնելը: Ուսման վարձը տվեց ու «հանգիստ խղճով» հեռացավ համալսարանից՝ գնաց Կենդանաբանական այգում թռչյունների բաժինը ղեկավարելու, հետո՝  «Կանաչ արահետ», հետո՝ Գողթում հոլանդական, ավարտաճառով՝ արաբական վարդեր: Հետո իր կյանքում ամենակարեւոր շրջադարձը պատահեց՝ մասնակցեց Ֆրուտենիա նախագծին, հայտնաբերեց էտի դերը այգեգործության կարեւորագույն բնագավառում ու անմնացորդ սիրեց – նվիրվեց բարիք արարելու այս ոլորտին:

Հիմա Աշխենին հեշտ չէ հանդիպել-զրուցելը: Մեկ մարզ է գնում՝ պատանիներին ծառերի էտ սովորեցնելու, մեկ տնկիներ է բաժանում: Գարուն է, ամեն րոպեն տարի է կերակրելու, երկիր է շենացնելու:

– Ուզում եմ միջազգային փորձագետ դառնալ ընտրածս ասպարեզում, բայց մի խնդիր կա. անգլերեն լավ չգիտեմ, բայց ոչինչ, ավարտական աշխատանքս պաշտպանեմ, կուղղեմ, կլրացնեմ:

Այս խորագրով սովորաբար ներկայացնում ենք մեր բուհը վաղուց ավարտած, կայացած անհատներին: Աշխենը դեռ ուսանող է, բայց կայացած մասնագետ: Կայացածը էլ ո՞նց է լինում: Հենց էսպես: