Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը խորհդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին ավարտական կուրսի ուսանողները: Պրոֆեսորն իր սաներին ներկայացրեց կիսամյակի ընթացակարգը, անհրաժեշտ անելիքները. «Հիշեք, որ ներկայացնում եք Ագրարային համալսարանը, դուք պահվածքով, վարքով, գիտելիքներով պետք է լինեք բարձրության վրա»:
Նա հորդորեց տեղում ուշադիր սովորել, ուսումնասիրել ընկերությունների աշխատանքի բոլոր փուլերը, յուրացնել ոլորտի կիրառական նրբությունները, որոնք մասնագետի կայացման գործում շատ կարեւոր են: Ընդ սմին, երիտասարդները կարող են հենց տեղում գտնել այն խնդիրները, որոնց լուծումներն իրենց ավարտական աշխատանքի հիմքում կարող են լինել: Չէ որ, մենք՝ հատկապես տեխնոլոգիական մասնագիտությունների դեպքում, այդ լավ փորձն ունենք, երբ ուսումնասիրության թեման «գալիս» է արտադրությունից: Պրոֆեսոր Եղիազարյանը հորդորեց. «Աշխատանքի ընթացքում կարող եք ավարտաճառերի ելակետային տվյալների հիմքը ստեղծել»:
Համալսարանը պատրաստել է աշխատանքային կիսամյակի գնահատման օրինակելի ձեւաթուղթ, որը վերջում ընկերությունների տնօրինությունները կլրացնեն:
Արժե հիշատակել այն կազմակերպությունները, որոնք սիրով իրենց դռները բացել են մեր ուսանողների առջեւ՝ «Դելտաշին», «Սյունիք», «Ջինջ», «Բրիքս», «Ռեկոն» ՍՊ, «Մելիորացիա» ՓԲ ընկերություններ, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե, «Արփինե Սուքիասյան Մադոյի» ԱՁ գեոդեզիա եւ կադաստրային չափագրումներ: Շնորհակալություն փոխվստահելի եւ արդյունավետ համագործակցության համար:
-Չենք ասում՝ գնացեք ու մոռացեք մեզ: Հիշեք, որ հետաքրքված ենք ձեր հաջողություններով՝ աշխատանքային կիսամյակի ընթացքում, եւ միշտ պատրաստ ենք դժվարությունների դեպքում աջակցել բոլորիդ,- հրաժեշտից առաջ ասաց ամբիոնի վարիչը: