MAX և BEP ծրագրակազմերը և դրանց կիրառությունը. TOPAS-ի նորամուծություններից

Համագործակից համալսարաններին աջակցելու և ցանցային գործողությունների հետագա զարգացման համար մեր գործընկեր Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանը (ՎԿԳՀ) նախաձեռնել է տարածաշրջանային գյուղատնտեսական տվյալների հավաքման եւ մշակման գործընթաց։ Ձեւավորվող տվյալների շտեմարանը կոչված է աջակցելու համագործակից համալսարաններում, այդ թվում ՀԱԱՀ-ում Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի դասավանդմանը, որն էլ իր հերթին նախատիպ կարող է հանդիսանալ համալսարանի մյուս տնտեսագիտական մասնագիտությունների համար:

Տվյալների մշակումը թույլ կտա իրականացնել կարեւորագույն տնտեսագիտական ցուցանիշների հաշվարկ եւ հետագա պլանավորում՝ ֆերմերային տնտեսությունների, արտադրական ճյուղերի եւ/կամ մարզերի մակարդակով։ Այս գործառույթների հետ կապված բոլոր թվաբանական աշխատանքները նվազեցնելու համար ՎԿԳՀ-ն ստեղծել է երկու Excel ծրագրային գործիքներ` Max եւ BEP, որոնց հայերեն թարգմանությունն իրականացվել է TOPAS Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում։

Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող Անի Պետրոսյանի փոխանցմամբ, Max ծրագրակազմը նախատեսված է առանձին արտադրական գործընթացների հաստատուն ծախսերի փոխհատուցման գումարը (ՀԾՓԳ) հաշվարկելու և տնտեսության պլանավորման համար: BEP ծրագրակազմն էլ տնտեսության շահութաբերությունը (իրացվելիությունը), կայունությունը վերլուծելու և  տնտեսության ֆինանսավորումն ու ներդրումները պլանավորելու համար է:

Excel-ի այս երկու գործիքները կառուցվում են միմյանց վրա՝ սկսելով MAX-ով, այսինքն՝ փաստացի տնտեսության  արտադրական գործընթացների ՀԾՓԳ-ների հաշվարկով: MAX-ը որեւիցե դրական կամ բացասական արդյունք չի ցուցադրում: Ընկերության շահութաբերությունը տեսնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ընդհանուր և հաստատուն ծախսերը: MAX համակարգից բխող իրավիճակները մուտքագրվում են BEP ծրագրակազմում, որը հաշվի է առնում և որոշարկում աշխատանքի, հողի և կապիտալի գործոնները, ինչպես նաև շահութաբերության, կայունության և իրացվելիության ցուցանիշները: Այս համակարգում ՀԾՓԳ-ների արդյունքները հաշվարկվում և համեմատվում են միմյանց հետ: Համակարգը գնահատում է ընտրված հիմնական գործոնները եւ տալիս է պատասխան ՝ արդյոք արժե՞ նոր ներդրում անել, թե ոչ:

«Նշված գործառույթների ճիշտ իրականացումը հնարավորություն կտա հավաստի տվյալներ տրամադրել բոլոր շահագրգիռ մարդկանց՝ արտադրողներին, առևտրային կազմակերպություններին, կառավարությանը, արտասահմանյան դոնորներին` աջակցության ճիշտ քաղաքականություն մշակելու համար: Հուսանք, որ մոտ ապագայում ագրարային ոլորտի տվյալների հավաքումն ու վերլուծությունը կկատարվեն համապատասխան ծրագրակազմերի միջոցով՝ նպաստելով աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ու տվյալների բազայի ստեղծմանը, որը հենց TOPAS ծրագրի նպատակներից մեկն է»,- ասում է տիկին Պետրոսյանը։