Մասնագիտությանը մոտեցնող երկու հրաշալի օր ագրոնոմների համար

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ագրիթեք սրահում ապագա ագրոնոմներն ու Ջերմատնային տնտեսություն մասնագիտացման բակալավրիատի եւ քոլեջի 3-րդ կուրսեցիները բացառիկ հնարավորություն ունեին մանրակրկիտ ուսումնասիրելու իրենց ընտրած ոլորտի տեսական հիմնահարցերը, յուրացնելու խիստ կարեւոր նրբերանգները, իսկ վաղը՝ վաղ առավոտյան, նույն ծրագրի շրջանակում ուսանողները կայցելեն Սեւան, տեղում տեսական գիտելիքը գործնական հմտությամբ ամրակայելու նպատակով:

Ինչպես մեկնարկին նկատեց բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ, գ.գ.թ., դոցենտ Գագիկ Թովմասյանը, այս շատ կարեւոր նախաձեռնությունը իրականացնում է մեր բուհի հետ արդյունավետ համագործակցության պատմություն ունեցող «OmniPօnics» ընկերությունը (տնօրեն Անի Մկրտչյան) USAID-ի եւ CARD-ի աջակցությամբ: Դասընթացը վարում է հանրապետությունում այս ոլորտի եզակի բանիմաց մասնագետներից մեկը՝ Մելինե Գրիգորյանը:

Հենց սկզբից Անին ու Մելինեն ամեն ինչ արեցին, որ լսարանում պաշտոնական, չոր,  անհաղորդ մթնոլորտի փոխարեն իշխի անկաշկանդ, գործընկերանյին տրամադրությունը՝ կարծիքների ազատ փոխանակմամբ, անհասկանալի հարցերը նույն պահին հստակեցնելու հնարավորությամբ:

Աշխատանքային ողջ օրվա ընթացքում դիտարկվելու են ակվապոնիկ տեխնոլոգիան՝ իր տարրերով եւ առանձնահատկություններով, վնասատուների տեսակները, կանխարգելման եւ վերացման մեթոդները, սերմնացանի, փոխպատվաստման եւ բերքահավաքի գործընթացների՝ ակվապոնիկ համակարգում կիրառվող կարգը: Կուսուցանեն քիմիական թեստերն իրականացնելու ժամանակակից մեթոդները:

Վաղը ուսանողները ջերմատնային տնտեսությունում այս բոլոր տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն կունենան: Երկօրյա աշխատանքի ավարտին ուսանողներին կշնորհվեն մասնակցության վկայականներ: