Մասնագիտական ճիշտ կողմնորոշումն արժանավայել համալրման նախապայման

Շարունակում են մեր բուհ այցելել երկրի ավագ դպրոցների, քոլեջների սաները: Սա կարեւոր գործընթաց է ե՛ւ պատանիների համար, որոնք ծանոթանում են ապագա մասնագիտության նրբերանգներին, ե՛ւ բուհի, քանզի խելամիտ, գիտակցաբար ընտրություն կատարած ուսանողն ամենացանկալին է, սպասվածը:

Այսօր՝ մարտի 14-ին, հյուրընկալել էինք Սեւանի բազմագործառութային պետական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության 3-րդ կուրսեցիները: Առաջին հայացքից ամեն ինչ սովորական էր՝ հանդիպում Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հասմիկ Հովհաննիսյանի եւ ամբիոնների վարիչների հետ, բուհի մասին հանգամանալից տեղեկավություն: Պատանիները եղան գարեջրի եւ դրոնների լաբորատորիաներում, ջերմատանը:

Ամեն ինչ սովորականի պես էր, միակ տարբերությամբ, որ սաներին ուղեկցող դասախոսներից Վարդուհի Գեւորգյանը մեր բուհի շրջանավարտ է եւ իսկական նվիրյալ:

Երիտասարդներից շատերն իսկապես հետաքրքրությամբ էին լսում բոլոր բանախոսներին, գործնական հարցեր էին տալիս եւ ակնհայտորեն մտորում են կրթությունն այստեղ շարունակելու մասին: Բարով գան…