Հրատարակվել է ՀԱԱՀ գիտական քարտուղար, այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանի հեղինակած «Բույսերի իմունիտետ» աշխատությունը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից երաշխավորվել է գործածության որպես բուհական դասագիրք:
«Բույսերի իմունիտետ» դասագիրքը նախատեսված է ագրարային ոլորտի բարձրագույն ուսումնական հաստատությունների, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողների, ասպիրանտների, ինչպես նաեւ բուսաբուծության, բույսերի պաշտպանության եւ ընտրասերման ոլորտի մասնագետների, ֆերմերների լայն շրջանակի համար:
«Բույսերի իմունիտետ» դասագրքում լուսաբանվում են մակաբույծ օրգանիզմների նկատմամբ բույսերի իմունիտետի հիմնական տեսությունները, ոլորտի ժամանակակից մոտեցումներն ու ձեռքբերումները, դիտարկվում են բույսերի իմունիտետի երեւույթների ընդհանուր օրինաչափություններն ու հիմնական կատեգորիաները, մակաբույծ օրգանիզմներից բույսերի պաշտպանության, բույսերի իմունիտետի բարձրացման մեխանիզմները, տեր բույսի եւ մակաբույծ օրգանիզմի փոխհարաբերությունները եւ բազմաթիվ այլ հարցեր:
Դասագիրքը տպագրվել է ՄԱԿի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի աջակցությամբ:
Հեղինակը շնորհակալություն է հայտնում ՄԱԿ-ի ՊԳԿ հայաստանյան գրասենյակին՝ ի դեմս Վահան Ամիրխանյանի՝ դասագրքի տպագրության գործում մեծ աջակցության համար: Դոցենտ Ավագյանը ՊԳԿ-ին շնորհակալություն է հայտնում նաեւ դասագրքի 140 օրինակ Ագրարային համալսարանին նվիրաբերելու համար։