Հողի ու ջրի հետ խելացի վարվելու նրբությունները. Լույս է տեսել «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի առաջին համարը

Պարենային ռեսուրսների հարաճուն պահանջին զուգահեռ՝ հրատապ է դարձել մարդկային աշխատանքի, ստեղծագործ մտքի, բնության եւ մարդու խելացի համակեցության գործոնը:

«Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի առաջին համարում ընդգրկված են հետազոտություններ, որոնք միտված են այս հիմնահարցերի լուծմանը եւ, ինչու ոչ՝  մտքի օվկիանին մի կաթիլ նորարարություն ավելացնելուն:

Մեր ճարտարագետները նախագծել են նոր սարք, որը կբարելավի գազաբալոնային ավտոմոբիլների հակահրդեհային անվտանգությունը: Իսկ ահա մի խումբ հեղինակներ  ուսումնասիրել են մշակաբույսերի բերքատվության վրա տրակտորի վնասակար ազդեցությունը եւ դա նվազեցնելու առաջարկ մշակել:

Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնի մասնագետները համոզված են՝ մերձարաքսյան աղակալած հողերը բերրի կդառնան, եթե կիրառվեն մելիորանտներ, հիմնվեն ջերմատներ, իսկ ոռոգումն իրականացվի միայն կաթիլային եւ անձրեւացման եղանակներով: Նրանց առաջարկը կարծես գուշակել է Ջրային հիմնախնդիրների եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտաշխատողը. նախագծել է ցողման սարք, որն աչքի է ընկնում կառուցվածքի պարզությամբ եւ աշխատանքի հուսալիությամբ:

Ագրարային համալսարանի եւ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետներն ուսումնասիրել, եզրահանգել են՝ Երեւանի կանաչապատ գոտիներում ակացիայի գեղագիտությունն ու աճը խաթարող գալամլակի եւ սղոցողի դեմ առավել արդիական պայքար է անհրաժեշտ: Իսկ Արարատի մարզի Ոսկետափ, Արմավիրի մարզի Ակնալիճ, Խորոնք համայնքների լոլիկի եւ տաքդեղի դաշտերում փորձեր իրականացրած ագրոնոմները ամենաարդյունավետ միջատասպանների ցանկն են հրապարակել:

Երիտասարդ տնտեսագետը հիմնավորել եւ առաջարկել է թռչունների համակցված կերախառնուրդ, որի բաղադրությունում ամարանտի ներառման դեպքում կերի ինքնարժեքը կնվազի, ձվային մթերատվությունը կավելանա:

Երեք նոր բաղադրատոմս էլ սննդի տեխնոլոգների կողմից. կաթնաթթվային մթերքը՝ բրոկոլիի խյուսով, հնդկահավի միսը՝ հնդկաձավարով, իսկ ճագարի միսը դդմի խյուսով հարստացնելիս ստացվում են նոր մթերքներ, որոնք բարձր կենսաբանական արժեք եւ առողջարար հատկություններ ունեն: Բացի այդ, առաջարկում են արտադրությունը կազմակերպել առավելապես տեղական հումքով:

– Ինչու՞ չարտադրել վարդագույն գինիներ, եթե մեր երկրում բոլոր պայմաններն առկա են,- սա էլ երիտասարդ գինեգործի հարցադրումն է բոլոր շահագրգիռ կողմերին. նա խաղողի Հաղթանակ սորտից վարդագույն գինու արտադրության՝ միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիա է մշակել:

Այս եւ հողի ու ջրի հետ խելացի վարվելու մի շարք հարցերի պատասխաններ կգտնեք «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի այս տարվա առաջին համարում:

Հաջորդիվ՝ անգլերեն թողարկումը, որում հրապարակվելու նպատակով դեռեւս կարող եք ներկայացնել հոդվածներ: