Օգոստոսի 29-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է լիբանանցի գործարարների պատվիրակությանը՝ այդ երկրի մշակույթի նախկին նախարար, ընտանեկան գինեգործարանի սեփականատեր Սալիմ Վարդիի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին Գարդենիա Լեբնիզ ֆարմս ՍՊԸ հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալը, Սոմո պլաստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վասիմ Ռիախին, հյութերի արտադրության Ժունեթ ընկերության ղեկավար Ժան Ստեֆանը։ Լիբանանցի գործարարներին ուղեկցում էր ռեկտոր Ուռուտյանի եւ Ագրարային համալսարանի լավ բարեկամ, կանադահայ բարերար Հարութ Սիփանը։
Այցի նախաձեռնությունը Գարդենիա Լեբնիզ Ֆարմս ՍՊԸ հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալինն էր։ Պարոն Ֆայսալը հետեւողականորեն քաջալերում է, որ Լիբանանի Զահլե քաղաքում գործող վերոնշյալ ընկերությունների ղեկավարները ոգեւորվեն իր օրինակով եւ ներդրումներ անեն հայաստանյան ագրոբիզնեսի ոլորտում։ Ռեկտոր Ուռուտյանի՝ վերջերս Գարդենիա Լեբնիզ Ֆարմսի՝ Բագրատաշենի եւ Եղվարդի այգիներ կատարած այցից հետո պարոն Ֆայսալը սկիզբ է դնում ավելի ընդգրկուն գործընկերության՝ Ագրարային համալսարան այցելելով իր մի քանի գործարար ընկերների հետ․ նրա նպատակն է իր ընկերներին առարկայորեն ցույց տալ համալսարանի վերջին զարգացումները եւ համագործակցության հնարավորությունները։
Հյուրերի հետ ռեկտոր Ուռուտյանը քննարկեց համագործակցության պոտենցիալ ուղղություններ, որոնցից առանցքայինը Հայաստանում գինու ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորություններն էին։ Բարեկամ երկրի գործարարների ուշադրությունը հրավիրվեց, մասնավորապես, ՀԱԱՀ-ի եւ Ի-Վի-Էն գինու ակադեմիայի հետ համագործակցության առավելություններին։
Պարոն Վարդին շատ հավանեց հայկական գինիները, հատկապես խաղողի բնաշխարհիկ տեսակներով պատրաստվածները։ Նրա գինեգործարանը որակյալ գինի է արտադրում հենց խաղողի լիբանանյան էնդեմիկ մշակաձեւերով, գինիներ, որոնք մրցանակներ են շահում հայտնի միջազգային համտես-մրցույթներում։
Լիբանանցի գործարարները ծանոթացան Գինու ակադեմիայի գինու քիմիայի լաբորատորիայի եւ Գարեջրագործության եւ թորման ուսումնափորձնական լաբորատորիայի աշխատանքներին։
Այցի ավարտին ռեկտոր Ուռուտյանը եւ լիբանանցի հյուրերը նվերներ փոխանակեցին։