Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա մասնագիտության հեռակա ուսուցման 5-րդ կուրսի ուսանող Լեւոն Հակոբյանի դիպլոմային աշխատանքի թեման է «Հումատ +7 կենսախթանիչի ազդեցությունը պոմիդորի հիբրիդների աճի, զարգացման եւ բերքատվության վրա ՀԱԱՀ ջերմատան պայմաններում»։ Լեւոնն ուսումը Ագրարայինում շարունակում է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատն ավարտելուց հետո։ Գոհունակությամբ է նշում այն փաստը, որ այստեղ ունի իր ուզած փորձերը դնելու ոչ միայն հնարավորությունը, այլեւ ազատությունը, անշուշտ՝ վայելելով նաեւ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի պրոֆեսոր Համլետ Մարտիրոսյանի, դոցենտներ Հասմիկ Տերտերյանի եւ Ալինա Թադեւոսյանի աջակցությունն ու օգտվելով նրանց մասնագիտական խորհուրդներից։
Մինչեւ սածիլների տնկումը Լեւոնը մասնակցել է նախապատրաստական աշխատանքներին՝ ախտահանում, կոկոսի մանրաթելի պարկերի վրա բույսերի տնկման համար համապատասխան անցքերի բացում, պարկերի խոնավացում։ Իսկ պոմիդորի հիբրիդների սածիլների տնկման աշխատանքները կատարել է համակուրսեցիների հետ։ Պատվաստված սածիլները տրամադրել է Սպայկա ընկերությունը։
«Հումատ +7»-ը հեղուկ համալիր կենսապարարտանյութ է, որը ստացվում է մակրո եւ միկրոտարրերով հարուստ բնական հումինաթթուներից: Նախատեսված է գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի նախացանքային մշակման, արմատային եւ արտարմատային սնուցման համար: Ներառում է հետեւյալ սննդատարրերը՝ հումինաթթուներում կալիումական եւ/կամ նատրիումական աղերի հանրագումարային պարունակություն, կալիում, պղինձ, ցինկ, մագնեզիում, մոլիբդեն, կոբալտ, երկաթ, բոր:
«Հումատ +7» կենսախթանիչով արտարմատային սնուցումը Լեւոնը կատարելու է պոմիդորի կոկոնակալման, պտղակազմակերպման եւ տեխնիկական հասունացման փուլերում։ Կուրսընկերները ցանկություն ունեն մասնակցելու նաեւ այս գործընթացներին, չէ որ իրենք եւս, ըստ էության, գործնական գիտելիքներ են ստանում Լեւոնի փորձերից։