ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի համագործակցության շրջանակում փետրվարի 12-14-ը տեղի ունեցան Գերմանիայում գործնական կիսամյակը անցկացնել ցանկացողների ընդունելության քննություններ:
Դիմորդները ՀԱԱՀ-ի Ագրարային մենեջմենթ ծրագրի արդեն 2-րդ կիսամյակում սովորող 5 մագիստրանտներ էին և ՀԱԱՀ-ի տարբեր մասնագիտությունների բակալավրիատի և մագիստրատուրայի 8 ուսանողներ:
Քննությունն անցկացնում էին Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր դոկտոր Ռալֆ Շլաուդերերը, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունից (DAAD) հրավիրված Դանիել Լեպետիտը և ՀԱԱՀ Ագրարային մենեջմենթ ծրագրի համակարգող Անի Պետրոսյանը:
Հինգ մագիստրանտների քննությունն անցավ բարձր մակարդակով, նշվեց գերմաներեն լեզվի լավ իմացությունը և դիմորդների շահադրդվածությունը:
Բավականին խիստ չափորոշիչների հիման վրա անցկացված քննությունների արդյունքները կհայտարարվեն մեկ շաբաթ անց: