Այսօր՝ փետրվարի 28-ին, մասնագիտական կողմնորոշման շրջանակում, ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի պրոֆ. Զ.Ք. Դիլանյանի անվան Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնը հյուրընկալել էր ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի 11-12-րդ դասարանցիներին:
Վարժարանի սաներին ողջունեց ամբիոնի վարիչ Մարինա Կարախանյանը, նշելով, որ ամբիոնը մասնագետներ է պատրաստում 5 կրթական ծրագրով՝ «Կաթի, կաթնամթերքի, մանկական եւ ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա», «Մսի եւ մսամթերքի տեխնոլոգիա», «Ձկան եւ ձկնամթերքի տեխնոլոգիա», «Կաշվի եւ մորթու արտադրանքի տեխնոլոգիա», «Գյուղատնտեսական հունքի եւ պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում, սերտիֆիկացում»:
«Մսի եւ մսամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության առանձնահատկությունների մասին խոսեց ամբիոնի դասախոս Քրիստինե Ղարիբյանը: Նա վարժարանի սովորողներին փաստարկված ձեւով ներկայացրեց այս մասնագիտությունն ընտրելու դեպքում աշխատատեղով եւ մրցունակ աշխատավարձով ապահովված լինելու իրական հեռանկարը: Տիկին Ղարիբյանը խոսեց նաեւ խիստ արդիական հարցի՝ սպանդանոցների մասին: Նա նշեց, որ սովորողներն ընտրելով այս մասնագիտությունը՝ կարող են դառնալ ճարտարագետ-տեխնոլոգներ եւ զբաղվել նաեւ սպանդանոցների նախագծմամբ եւ ինչու ոչ, ունենալ սեփական սպանդանոցներ եւ որակյալ մթերք մատակարարել սպառողներին:
«Ձկան եւ ձկնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության առավելությունների մասին խոսեց ամբիոնի դասախոս Արփինե Աղաբաբյանը: Նա նշեց, որ այսօր ՀՀ-ում գործող 200-ից ավելի ձկնաբուծարաններում եւ դրանց կից վերամշակող արտադրամասերում, որոնց աճեցրած Սեւանի իշխանն ու թառափը, սեւ եւ կարմիր ձկնկիթը 70-80 %-ով արտահանվում է արտերկիր, մասնագետների մեծ պահանջարկ կա: Իսկ որակյալ տեխնոլոգներին եւ ձկնաբույծներին առաջարկվող աշխատավարձը վստահաբար մրցունակ է:
Դասախոսները նշեցին, որ համալսարանը համագործակցում է հայրենական մի շարք առաջատար արտադրողների հետ եւ դուալ կրթության սկզբունքներն ընդունած մեր բուհում ուսումնառության վերջին՝ 4-րդ տարվա մեկ կիսամյակը լինելու է աշխատանքային, այն է՝ ուսանողները մեկ կիսամյակ կաշխատեն արտադրությունում:
Ֆակուլտետի դեկան Կարեն Մինասյանը շնորհակալություն հայտնեց ամբիոնի դասախոսներին եւ վարժարանի տնօրինությանը՝ հերթական հանդիպումը կազմակերպելու համար: Նա վարժարանի սաներին հորդորեց մասնագիտություն ընտրելու հարցում ճիշտ կողմնորոշվել եւ ընտրություն կատարել ագրարային ոլորտում: Պարոն Մինասյանը նշեց, որ այսօր ամբողջ աշխարհում լուրջ մարտահրավեր է պարենային ապահովվածության խնդիրը, որն էլ ավելի կարեւոր է դարձնում ոլորտի դերը: ՀԱԱՀ-ի առաջարկած մասնագիտությունները հեռանկարային են նաեւ մեր երկրի բնակչությանը էկոլոգիապես մաքուր, առողջ սննդով ապահովելու տեսանկյունից:
Մինասյանը ցավով նշեց, որ Ագրարային համալսարանն այսօր չի կարողանում բավարարել ոլորտի մասնագետների հարաճուն պահանջարկը. իսկ հայրենական եւ արտերկրի արտադրողներից ստացվող առաջարկները բազմաթիվ են:
ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրեն Արաքսյա Հակոբյանը կարեւորեց համալսարան-վարժարան կապը: Նա ուրախությամբ նշեց, որ արդեն բազմաթիվ սովորողներ ցանկություն են հայտնել ուսումը շարունակել Ագրարայինում:
Հանդիպման վերջում վարժարանի սաները հաճույքով համտեսեցին ուսանողների պատրաստած համեղ ձկնամթերքը եւ կաթնամթերքը: