Օրերս ընդունեցինք Կոտայքի մարզի Նոր Հաճնի ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտների, իսկ այսօր՝ մայիսի 6-ին, նույն մարզի Արամուսի ավագ դպրոցի տասներորդցիների պատվիրակություններին՝ մանկավարժների ուղեկցությամբ։ Աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի եւ փորձուսուցումների պատասխանատու Անահիտ Սարոյանի օգնությամբ պատանիներն ու աղջիկները նախ ծանոթացել են համալսարանի հակիրճ պատմությանը, կրթական ծրագրերին եւ ուսումնահետազոտական նորարարական ենթակառույցներին։
Ավանդական շրջայցը հաճելի եւ օգտակար էր դպրոցականների համար՝ դատելով նրանց աշխույժ հետաքրքրվածությամբ եւ տված հարցերով եւ դրվագային քննարկումներով։ Պատանիները չթաքցրեցին, որ իրենց համար նորահայտ մի շարք մասնագիտություններ բացահայտեցին, ինչպիսիք են՝ ճշգրիտ գյուղատնտեսությունը, տվյալագիտությունը, ջրային եւ հողային ռեսուրսների կառավարումը, սննդամթերքի անվտանգությունը, լոգիստիկ համակարգերը, անտառային տնտեսությունը եւ բնակավայրերի կանաչապատումը․․․
Այս ամենի, աշխատաշուկայում բարձր վարձատրվող եւ հանրության շրջանում ըստ արժանվույն գնահատվող ագրարային մասնագիտությունների պահանջվածության, մասնագետների հաջորդ սերնդի համար արդիական կրթություն ստանալու համար Ագրարային համալսարանում ստեղծված լիարժեք պայմանների մասին կատայքցի դպրոցականները հաճույքով իմացան պատասխանատուներից՝ լինելով Ուսանողների հաջողության կենտրոնում, ընդունող հանձնաժողովում, քիմիայի, գարեջրի եւ թորման, հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, քիմիայի, անտառագիտության, գյուղատնտեսական ԱԹՍ-ների լաբորատորիաներում եւ Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում։
Կոտայքը, ինչպես եւ ամբողջ Հայաստանը, արդիական գիտելիքներով զինված ագրարային մասնագետների խիստ կարիք ունի․ կոտայքցի երիտասարդներն այդ մասին որոշակիորեն տեղյակ էին, սակայն Ագրարայինում հյուրընկալվելիս շատ ավելի խորապես հասկացան այդ եւ նպատակային մասնագիտական կրթության կարիքը։