Կայուն գյուղատնտեսություն. հիմնախնդիրների լուծման համակարգային մոտեցում

Այսօր Ուսանողական գիտական շաբաթվա շրջանակում Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի նախաձեռնությամբ բաց դաս անցկացվեց «Կայուն գյուղատնտեսության սկզբնավորման նախադրյալներն ու զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:

Բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկավ ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարինե Մարկոսյանը, որից հետո խոսքը փոխանցեց Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանին:

Պարոն Գեւորգյանը խոսեց կայուն գյուղատնտեսության մասին՝ նշելով, որ նպատակը հասարակությանը սննդամթերքով ապահովելն է, միաժամանակ առանց վտանգելու վաղվա սերնդի ապագան եւ սահմանափակելու նրանց հնարավորությունները: Նա նշեց, որ «Կայուն գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագիրը գործում է արդեն 2 տարի եւ մասնակիցներին շրջակա միջավայրի մագիստրոսի դիպլոմ ստանալու հնարավորություն է տալիս: Իսկ ընդհանրապես, նպատակը համակարգային մտածողությամբ, նորարարական լուծումներ գտնելու ունակ, մրցունակ մասնագետներ պատրաստելն է:

Կայուն գյուղատնտեսության երեք՝ բնապահպանական, սոցիալական եւ տնտեսական բաղադրիչների վերաբերյալ թեմաներով հանդես եկան ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Սամվել Թամոյանը, հրավիրված փորձագետներ Գայանե Աթոյանը, Տաթեւիկ Սողոմոնյանը, համալսարանի ուսանողները:

Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի նախաձեռնությունը նպատակային էր: Ավարտին հարցուպատասխանի միջոցով վեր հանվեցին ոլորտի՝ լուծում պահանջող մի շարք հիմնախնդիրներ: