Այսօր՝ նոյեմբերի 17-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը։ Այն մեկնարկեց նախորդ նիստերի որոշումների կատարողականի վերաբերյալ գիտական քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցմամբ։ Նշվեց կատարված եւ կատարման ընթացքի մեջ եղած որոշումների մասին։ Չկատարված որոշումներ, որպես այդպիսին, չկան, միայն որոշ դեպքերում, «հապաղման» ռեժիմը հաղթահարելու խնդիր դրվեց ու ուղիներ նշվեցին։
Հեռակա ուսուցման համակարգի 2023-2024 ուստարվա ընդունելության արդյունքների եւ հեռակա ուսուցման առաջին կուրսեցիների հետ կապված աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին զեկուցեց Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը։ Ընդունելության արդյունքները գոհացուցիչ չեն․ ընդհանուր առմամբ բակալավրիատի 1-ին կուրսի հեռակա համակարգ է ընդունվել 140 դիմորդ, ընդ որում՝ դիմորդների թիվը հատկացված տեղերի համեմատությամբ կազմել է ընդամենը 24 տոկոս, դիմորդների էլ միայն 11 տոկոսն է ընդունվել։ Ընդ որում, համալսարանն օգտվել է միջնակարգ մասնագիտական հաստատություններից ՀԱԱՀ ընդունվելու հնարավորության միայն մեկ երրորդից։ Պատճառներից մեկը քոլեջների տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների՝ ագրարային մասնագիտություններով ուսումը շարունակելու հնարավորություն չստանալն էր։ Ռեկտորատի հանձնարարականն էր՝ այժմվանից ապահովել համապատասխան տեղեկատվություն՝ հաջորդ ուստարվա համար։
Ամբիոններում գիտելիքների ստուգման, թեստերի թարմացման եւ ընթացիկ քննությունների կազմակերպման վիճակի մասին զեկուցեցին դեկանները, քոլեջների տնօրենները եւ ՏՏ կենտրոնի տնօրենը։ Շարունակաբար աշխատելով միմյանց հետ, ՏՏԿ-ն եւ ամբիոններն այս գործընթացները հասցրել են բավարար-գոհացուցիչ մակարդակի, ընդ որում թեստերի վերաբերյալ ուսանողների դիմում-բողոքների բավարարման ընթացքը նույնպես բավարար է։
Թեստային քննությունները համալսարանի սովորական գործելակերպն է դարձել։ Հետաքրքրական թիվ ներկայացրեց ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը․ այս տարվա հունվարից մինչ այժմ թեստային կենտրոնում անցկացվել է 11800 թեստային քննություն։