Ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ ռեկտորատի այսօրվա՝ հունվարի 17-ի նիստն առաջինն էր 2023 թ․։ Օրակարգային հիմնական հարցը հեռակա ուսուցման համակարգի 2-6-րդ կուրսերի ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքն էր, որի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Ուսումնական գործընթացի կազմակերպման վարչության պետ Արմեն Աղասարյանը։
Զեկուցողը հիմնավորեց քննաշրջանի եւ վերահանձնումների ժամկետի տեղափոխության (հունվարի 30-ից փետրվարի 17) իր առաջարկը։ Հատկացված ժամանակահատվածում ուսանողները պետք է նաեւ վճարեն վարձավճարները եւ քննություններից ոչ ուշ քան 3 օր առաջ լրացնեն բացակայությունները։ Առաջարկված ժամկետը կլինի անցումային փուլ, որից հետո ուսումնական գործընթացը կշարունակվի սովորական ժամանակացույցով։ Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հստակ ցուցում տվեց պահպանել վերջնաժամկետները՝ հերթական կանչի թանկ ժամանակը չպետք է օգտագործել նախորդ կանչի բացակայությունների լրացման համար։ Սահմանված ժամանակահատվածը հնարավորությունների պատուհան է ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար, նշեց ռեկտորը։ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը նշված ժամանակաշրջանը դիտարկեց որպես մասնավորապես վատ հաղորդակցության պատճառով ծագած ընթացիկ խնդիրներին ժամանակին չարձագանքելու հետեւանքով ստեղծված իրավիճակը շտկելու՝ ուսանողներին տրվող հնարավորություն, որն արդարացված է հեռակայի գործերը դեկանատներին հանձնելու այս փուլում։
Հաղորդակցության բարելավման նպատակով ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանն առաջարկեց համալսարանի պաշտոնական կայքում բացել դեկանատների էջերում ուսանողների հետ օպերատիվ հաղորդակցության բաժիններ։ Ռեկտոր Ուռուտյանը հանձնարարեց նաեւ էլեկտրոնային փոստի համարժեք հասցեների եւ հասցեախմբերի միջոցով ապահովել նորմալ էլեկտրոնային հաղորդակցություն։
Իրավաբանական բաժնի պետ Մանվել Վարդանյանը, վերլուծելով վարձավճարների վճարումների գործընթացը խոչընդոտող որոշ խնդրահարույց դրվագներ, առաջարկեց այս գործի պատասխանատուների պարտականությունների հստակ սահմանազատում կատարել՝ դրանով իսկ նաեւ ֆինանսական կարգապահությամբ նպաստելով համալսարանի հեղինակության բարձրացմանը։
Հեռակա ուսուցման դեպարտամենտի լուծարման եւ հեռակայի կրթական ծրագրերի իրականացումը դեկանատներին փոխանցելը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կառավարել ուսումնական գործընթացը։ Ամփոփելով Հեռակա դեպարտամենտի գործերը դեկանատներին հանձնելու՝ ավարտական փուլում գտնվող գործընթացը, ռեկտոր Ուռուտյանը նշեց․ «Անցումային փուլ է․ անթերի մարդիկ եւ անթերի գործընթացներ չկան, բայց այս էջը պետք է փակել՝ արձանագրելով եւ համարժեքորեն արձագանքելով յուրաքանչյուր մանրուքի»։
Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեցին եւ համապատասխան որոշումներ ընդունվեցին քոլեջի առաջադիմությանը, մասնագիտական կողմնորոշման աշխատանքներին, ագրոդասարանների կազմավորման նպատակով Տավուշում եւ Սյունիքում երկուական դպրոցների ընտրությանը, վերապատրաստումների եւ կարճաժամկետ դասընթացների պլանավորմանն առնչվող հարցեր։
Ռեկտոր Ուռուտյանը տեղեկացրեց, որ օրերս Բալահովիտի ՈՒՓՏ են բերվել եւ նորակառույց խելացի անասնաշենքում տեղավորվել տոհմային հինգ երինջներ։ Հանձնարարեց պլանավորել նոր լաբորատորիաների եւ կենտրոնների բացման արարողությունները։ Առաջինը մոտ օրերս կբացվեն Վանաձորի մասնաճյուղում ստեղծված կաթնամթերքի, պահածոների եւ մսամթերքի լաբորատորիաները, որոնց կհետեւեն Ուսանողների հաջողության կենտրոնը, Սիսիանի մասնաճյուղում գիտելիքի հաբը, խելացի անասնաշենքը․ ընդհանուր առմամբ առաջիկա ամիսներին շարք կմտնի 15 նոր ենթակառույց։