Երեկ՝ նոյեմբերի 14-ին, հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Արուսյակ Ղարիբյանը գործնական պարապմունք անցկացրեց դասախոսական համակազմի համար՝ հաղորդակցության ակադեմիական խնդիրներին նվիրված:
Բանախոսը թեեւ դասավանդում է տարբեր բուհերում, բայց իրեն իսկական ագրարայինցի է համարում, քանզի աշխատանքային առաջին քայլերը, փոխանակման ծրագրերին մասնակցելու առաջին՝ շատ կարեւոր, անգնահատելի փորձառության հնարավորությունները այստեղ են տրվել:
Լսարանային վարք, խոսք-տեքստ-ենթատեքստ, ժեստեր եւ դիմախաղ, գույնի զգացողություն եւ հանրությանը ճաշակով վայելուչ ներկայանալու հմտություններ, սրանք մտավորականի, սերունդներ կրթող-դաստիարակող անհատի «զինանոցի» անհրաժեշտ ու պարտադիր տարրեր են:
Ինչպես նկատեց տիկին Ղարիբյանը, շատ ուշադիր եւ հետաքրքրված լսարան էր, արձագանքող (իսկ դա որեւէ բանախոսի համար շատ կարեւոր հանգամանք է), քննարկման պատրաստ-հակված:
Ավարտին ներկաները շնորհակալությամբ ծափահարում էին երիտասարդ, բանիմաց բանախոսին, իսկ տ.գ.թ., դոցենտ Աննա Դաշտոյանը նույնիսկ խոստովանեց.
-Ես չէի պատկերացնի, որ տեխնիկական կրթությամբ մարդու համար կարող էին հումանիտար, փիլիսոփայական խնդիրները այսքան հետաքրքիր ու գրավիչ լինել:

- 15/11/2023
- 2023