Մարտի 25-ին, ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանի նախաձեռնությամբ հյուրընկալել էինք ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին: Գրասենյակը արդեն քառորդ դար է մեր երկրում է եւ գործունեության ծիրում մարդն է՝ հարմարավետ, անվտանգ, խնամված կյանքով, գործունեության բնականոն հնարավորություններով:
Բանախոսության թեման խիստ արդիական էր, լսարանի համար ավելի քան հետաքրքիր, նաեւ մտահոգող, խնդիրների խնդիր՝ «Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում՝ ճգնաժամ, թե հնարավորություն»:
-Բարդ թեմա է,- հենց սկզբից խոստովանեց տիկին Հարությունյանը,- շատերի համար հոռետեսական, մինչդեռ կաշխատեմ անաչառ, անկիրք (հնարավորինս) դիտարկել:
Բանախոսը լսարանի հետ հմտորեն, ուղիղ, շիտակ աշխատեց, դրվագները քննարկելով, երիտասարդներին լսելով: Հնարավորության պատուհան, արտագաղթ, բնակչության կառուցվածք, ծերացում, տարեցների կախյալության գործակից, հղիության արհեստական ընդհատում՝ սեռով պայմանավորված, այս բոլոր բաղադրիչները դիտարկվեցին շատ ակնառու պաստառների, սանդղակների ցուցադրությամբ: Բոլոր վիճակագրական տվյալները զուգորդվում էին համաշխարհային, հատկապես հարեւան երկրների ցուցանիշների համեմատությամբ: Ի վերջո, հենց լսարանում եղած երիտասարդներից է կախված ժողովրդագրական պատկերն առաջիկայում կլինի ճգնաժամային, թե նոր հնարավորությունների պատճառ կդառնա:
Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը շնորհակալություն հատնեց հյուրին հետաքրքիր զեկուցման համար: Ուսանողներին հորդորեց գիտական փոքրիկ քայլ-հետազոտություններ կատարել այս ոլորտում, որոնց արդյունքների ամփոփմանը կարող են մասնակցել նաեւ օրվա հյուրերը: