Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանի, փոխդեկանի Վոլոդյա Ասատրյանի, ամբիոնների վարիչների եւ Փորձուսուցման եւ վերլուծությունների բաժնի վարիչ Անահիտ Սարոյանի հետ պայմանավորվածության համաձայն, այսօր՝ նոյեմբերի 1-ին, կայացավ ավարտական կուրսերի ուսանողների աշխատանքային կիսամյակի հերթական՝ երկրորդ ամսվա ամփոփումը։
Երկրորդ հանդիպում արդեն առարկայորեն ցույց տվեց, որ դեկան Սիմոնյանի նախաձեռնությունը լիովին ծառայում է իր նպատակին։ Զեկույցների ընթացքում ի հայտ եկավ բավականին գոհացուցիչ պատկեր․ ուսանողները հաճույքով, ձգտումով եւ պարտաճանաչորեն են անցկացնում աշխատանքային կիսամյակի ձեւաչափով փորձուսուցումը Հայաստանի տարբեր մարզերում գործող գյուղմեքենաշինական, հողաշինարարական, ճանապարհաշինարարական, ոռոգման ցանցերի նախագծման, վերականգնվող էներգետիկայի եւ այլ ոլորտների հայտնի ընկերություններում։
Ակնհայտ է, որ ընտրության լայն հնարավորությունների պայմաններում հենց այդ ընկերությունների հետ համագործակցությունն ընթանում է համախոհության, փոխշահավետության, ընդհանուր գործի հեռանկարի հստակ գիտակցման համատեքստում։ Ուսանող փորձնակները գոհ են թե ընկերություններում ստեղծված պայմաններից ու միջավայրից, թե վարձատրությունից եւ թե աշխատանքային հեռանկարներից (մի քանիսին արդեն վերցրել են աշխատանքի)։
Ընկերությունների ղեկավարներն ու ստորաբաժանումների պատասխանատուներն իրենց հերթին գոհ են մեր ուսանողներից եւ առհասարակ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի հետ գործակցության որակից ու մակարդակից։