ՀԱԱՀ ուսանողների և աշխատակիցների միջազգային շարժունության հնարավորությունները

Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված խոչընդոտներին, 2020 թվականին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտն ինտենսիվորեն շարունակել է աշխատանքները միջազգային շարժունության նոր համագործակցությունների հաստատման և ընդլայնման ուղղությամբ։

Ներկայումս ՀԱԱՀ-ն Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության (ՀԳ1) շրջանակներում համագործակցում է ԵՄ 13 երկրի 32 համալսարանների հետ (https://anau.am/international-relations/erasmus-ka1/partner-universities/ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին ՀԱԱՀ-ն համագործակցել էր 14 երկրի 25 համալսարանների, իսկ 2019-ին՝ 12 երկրի 26 համալսարաններ հետ։ Եվ դա միայն Էրազմուս+ ՀԳ1 ծրագրերով։ Հիշեցնենք, որ մեր համալսարանը հնարավորություն ունի ուսանողների և դասախոսների վերապատրաստում իրականացնել նաև Էրազմուս+ ՀԳ2 ծրագրով, որի մի մասն արդեն իրականացվել է։

Հատկանշական է, որ ՀԱԱՀ-ի հին գործընկեր համալսարանների հետ կապը չի խզվել։ 2020 թվականին ավելացել են նաև նոր գործընկեր բուհեր և երկրներ՝ Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիա Սերբիա, Աթենքի գյուղատնտեսական համալսարան Հունաստան, Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան, Վալլադոլիդի համալսարան, Մալագայի համալսարան Իսպանիա։ Իսպանական համալսարանների քանակի կտրուկ ավելացման պատճառը 2019 թ․-ին Հայաստանում Էրազմուս+-ի ազգային գրասենյակի կողմից կազմակերպված ամենամյա տեղեկատվական օրերին իսպանական համալսարանների ներկայացուցիչների այցն ու Միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակիցների միջոցով նրանց հետ սերտ կոնտակտների հաստատումն է։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ միջազգային համագործակցության համար շատ կարևոր են անձնական շփումներն ու երկկողմանի բարիդրացիական հարաբերությունների հաստատումը։

Հասկանալի պատճառներով 2020 թվականին նախորոք պլանավորված շարժունության բազմաթիվ գործողություններ չեղարկվեցին, սակայն համագործակցող համալսարանների հետ ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ վերջնաժամկետին մոտ ծրագրերը երկարացվեցին 1-2 տարով։

Եվ այսպես, ինչ հնարավորություններ ունի մեր համալսարանը միջազգային շարժունության տեսակետից այս տարի։ Մինչև 2022 թվականը ՀԱԱՀ 90 աշխատակիցներ և 51 ուսանողներ հնարավորություն կունենան վերապատրաստվել, դասավանդել կամ սովորել գործընկեր բուհերում։ Այդ նույն ժամականահատվածում ՀԱԱՀ կայցելեն գործընկեր բուհերի 49 աշխատակիցներ և 14 ուսանողներ։ Այցերի մի մասն իրականացվելու է միջազգային շաբաթների շրջանակներում և հուսանք, որ դրանց արդյունքնում կունենք նոր գործընկերներ։

Հնարավորություններն ավելին քան բավարար են, իսկ ՀԱԱՀ աշխատակիցներն ու ուսանողները ժամանակ ունեն բարելավելու ոչ միայն իրենց անգլերենի իմացության մակարդակը, այլև կրթության բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառման հմտությունները, որոնք այսուհետ անհրաժեշտություն են միջազգային փոխանակման ծրագրերին մասնակցելու համար։

Համավարակի պատճառով ներկայումս գործող սահմանափակումների թուլացումից կամ վերացումից հետո սպասվում է ինտենսիվ և արդյունավետ միջազգային համագործակցության տարի։

Հետևեք Միջազգային կապերի դեպարտամենտի հայտարարություններին, եղեք տեղեկացված, մասնակցեք մրցույթներին և հնարավորություն ստացեք վերապատրաստվել, դասավանդել ու սովորել եվրոպական առաջատար բուհերում։

Հետաքրքրե՞ց, առավել մանրամասն տեղեկատվությունը մշտապես հասանելի է՝