Մարտի 3-ին ավարտվեց «Իմ ագրոբիզնեսը» դասընթացը արցախցի երիտասարդների համար: «Ֆինանսների հասանելիություն» թեմայով վերջին դասընթացից հետո, որն անցկացնում էր ՀԱԱՀ երիտասարդ հետազոտող դասախոս Արման Տոնիկյանը, մասնակիցները ստացան ավարտական հավաստագրերը: Դասընթացը մեկնարկել էր փետրվարի 24-ին:
Մինչ այդ, արցախցիները, որոնց թվում՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները, ուսումնասիրել են բիզնես սկսելու, թթու կաթնամթերքի եւ պանրի, գինու, հացի, հրուշակեղենի եւ շոկոլադի բիզնեսների կազմակերպման, բիզնեսի պլանավորման եւ մարկետինգի թեմաներով դասընթացները: Դրանք անցկացվել են 1-ին մասնաշենքի ընթերցասրահում, Բալահովիտի ՈՒՓՏ-ի Կաթնամթերքի վարպետաց դպրոցում, Ոսկեհատի ՈՒՓՏ-ում, Ագրոթեք ինկուբատորի լսարանում: Դասընթացավարները ոլորտի հմուտ, տեսական ու գործնական լավագույն փորձի տեր մասնագետներ են:
Հավաստագրերը հանձնելիս մասնակիցներին ջերմորեն շնորհավորեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը եւ դասընթացավարներից Հասմիկ Գեւորգյանը, Արման Հարությունյանն ու Արման Տոնիկյանը: Մասնակիցները՝ Լիլիթը, Էդուարդը եւ մյուսները շնորհակալություն հայտնեցին դասընթացավարներին եւ համալսարանին՝ ընձեռած հնարավորության համար: Նրանք շեշտեցին դասախոսների պատրաստվածությունն ու պատրաստակամությունը, ինչպես նաեւ սովորելու համար Ագրարային համալսարանում առկա «սքանչելի» միջավայրը:
Դասընթացի մասնակիցներից շատերը որոշել են սեփական բիզնես հիմնել Արցախում: Նրանք խոստացան մոտ ապագայում դասընթացավարներին ու կազմակերպիչներին հրավիրել Արցախ՝ տեսնելու եւ գնահատելու այն բիզնեսները, որ մտադիր են սկսել՝ ստացած գիտելիքների եւ ձեռք բերած փորձառության շնորհիվ: Հրավիրողներից մեկը Հերմինե Առուշանյանն է. նա իր բիզնեսը հիմնելու է Շուշիում…
Բնույթով, թեմատիկայով եւ մասնակիցների կազմով թերեւս եզակի այս նախաձեռնությունն իրականացնելու գործում մեր աջակիցը դարձյալ Ռազմավարական զարգացման գործակալությունն է՝ «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագերի շրջանակում: ՌԶԳ-ի հետ Ագրարային համալսարանի գործակցությունը պարզապես օրինակելի է. մենք երկուստեք լավ ենք գիտակցում երկրի կրթական ու պետական ընդհանուր շահերը եւ համատեղ կարողանում ենք ճիշտ մասնագետներին ճիշտ լսարանում եւ ճիշտ ժամանակին ընդգրկել գործնական արդյունքի հստակ հեռանկար ունեցող ծրագրերում ու նախագծերում: