Հյուրընկալեցինք բարերարներ եւ ՀԱԱՀ-ի մեծ բարեկամներ Ջուդիթ Սարյանին եւ Վիկտոր Զառուգյանին

Հոկտեմբերի 16-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Ջուդիթ Սարյանին եւ Վիկտոր Զառուգյանին։ Բոստոնցի ամուսինները հայտնի են Հայաստանում եւ մասնավորապես Ագրարային համալսարանում իրականացրած բարեգործական եւ կրթության զարգացման բազմաթիվ ծրագրերին իրենց առատաձեռն մասնակցությամբ։

Ագրարային համալսարանի հետ բարեկամության սկիզբը դրվել է տասներկու տարի առաջ, երբ տիկին Սարյանի եւ պարոն Զառուկյանի հովանավորությամբ Ագրոբիզնեսի դեպարտամենտի տանիքում տեղադրվեց արեւային մարտկոցների՝ այն ժամանակ երկրում ամենամեծ համակարգը։ Նրանք էական մասնակցություն են ունեցել Գինու ակադեմիայի գինու քիմիայի լաբորատորիայի եւ համտեսի սրահի,  Կաթնամթերքի վարպետաց դպրոցի վերանորոգման, Բալահովիտի խելացի անասնաշենքի կառուցման, տոհմային երինջների գնման, մայր բուհի ու մասնաճյուղերի մի շարք այլ լաբորատորիաների ու կենտրոնների վերակառուցման եւ կահավորման գործում։

Բարերարների հերթական այցը Ագրարային համալսարան երկու նպատակ ուներ՝ ծանոթանալ գործող նորարարական այն ենթակառույցների գործունեությանը, որոնցում դեռ չէին եղել եւ գնահատել Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի այն հարկաբաժնի հնարավորությունները, որը մոտ ապագայում դառնալու է Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության (Ագրոբոտ) կենտրոն։

Ջուդին եւ Վիկտորը ստանձնել են կենտրոնին հատկացվելիք տարածքի վերանորոգման ծախսերը։ Ուրախությամբ տեղեկացան, որ արդեն մեկնարկել է շինկազմակերպության ընտրության մրցույթը։ Հետաքրքրությամբ ծանոթացան նաեւ ուսումնական նպատակներով այսօր դեռեւս օգտագործվող «հինավուրց» սարքավորումներին, որոնք առաջիկայում իրենց տեղը կզիջեն տեխնոլոգիական վերջին նորույթներին՝ ռոբոտներին եւ ժամանակակից ծրագրակազմերին։ ՀԱԱՀ-ի Ագրոբոտ կենտրոնը, ինչպես նշեց ռեկտոր Ուռուտյանը, դառնալու է հայրենական գյուղմեքենաշինության երբեմնի բարձր համարումը վերականգնելու եւ որակապես նոր հիմքերի վրա դնելու նախակարապետը։

Համալսարանի բարեկամները մեծապես տպավորված էին իրենց տեսածով։ «Շատ հարմարություններ կան նոր կենտրոններում, որ Արեւմտյան Եվրոպայի եւ ամերիկյան համալսարանների ունեցած հարմարություններին չեն զիջում։ Ուրախ եմ, որ տեսնում եմ այս փոխակերպումները Ագրարային համալսարանում, մանավանդ՝ նաեւ մարզային մասնաճյուղերում»,- ասաց պարոն Զառուգյանը, որ նախօրեին տիկնոջ հետ եղել էր նաեւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում։