ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի կրթական բաղադրիչի շրջանակում իրականացված եռամսյա դասընթացին մասնակցելու համար դիմել էր ավելի քան 100 մարդ, ընտրվել էր 80-ը, իսկ ավարտական հավաստագրեր ստացան 50-ը, որոնք բավարարեցին մասնակցության պահանջները։ Դասընթացը Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ անցկացրեց Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը։ Ծրագրի համաֆինանսավորողը եւ շահառուն Ագրարային համալսարանն է, դասավանդող փորձագետները՝ ՀԱԱՀ-ի եւ այլ հեղինակավոր մասնագետներ։
Հունիսի 13-ին ICARE հիմնադրամում հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էր ՀԱԱՀ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը։ Հավաստագրերը հանձնեցին հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը եւ ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի կրթական բաղադրիչի ղեկավար Սուսաննա Մեժլումյանը։ Նրանք եւ դասավանդող փորձագետներից՝ ՀԱԱՀ Ագրոնամիայի ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը կարեւոր համարեցին ինտենսիվ այգեգործության արագ զարգացող ոլորտի համար գործող մասնագետներ պատրաստելու այս աննախադեպ հնարավորությունը, որի համար շնորհակալություն հայտնեցին ծրագրերի գործընկերներին՝ Ավստրիական զարգացման գործակալությանը եւ Ագրարային համալսարանին եւ շնորհավորեցին մասնակիցներին այս ձեռքբերման համար։ Դասընթացն ավարտածները տարբեր տարիքի ու զբաղմունքի տեր մարդիկ են, որ կամ արդեն հիմնել են կամ մտադիր են հիմնել ինտենսիվ այգի կամ էլ աշխատում են այդպիսի այգիներում։
Մասնակիցների անունից շնորհակալական ջերմ խոսքերով հանդես եկան Մագդա Աղաբաբյանը եւ Վիլիկ Գրիգորյանը։ Հավաստագրերի հանձնման արարողության ավարտին ծրագրի ղեկավար Սուսաննա Մեժլումյանը ներկաներին «հարկադրեց» բաց քվեարկությամբ ընտրել ամենաակտիվ մասնակցին, որին նվիրեց «Ինտեգրացված պայքար» արժեքավոր գիրքը։ Գրեթե միաձայն «ընտրված» Արծրունի Աղաջանյանը (ի դեպ, ԱԺ նախկին պատգամավոր) եւս մեկ անգամ երախտիքի խոսք ասաց մասնակցիների անունից՝ հավելելով․ «Շատ կարեւոր է, որ մեր ստացած նորարարական գիտելիքն ու փորձը միայնակ չվայելենք, այլ տարածենք յուրաքանչյուրս մեր համայնքներում»։
«Ինտենսիվ այգիների հիմնում եւ կառավարում» դասընթացը ՖՐՈՒՏԵՆԻԱ բազմաբաղադրիչ մեգանախագծի կրթական բաղադրիչի հերթական կարեւոր հանգրվանն էր։ Նախագծի շրջանակում նաեւ մշակվել կամ արդիականացվել են ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի յոթ առարկաների բովանդակությունը, Ոսկեհատում հիմնվել է ինտենսիվ այգի, ստեղծվել է www.aygi.am կայքը` պտղաբուծության ոլորտի շահառուների, ներառյալ ֆերմերների եւ ուսանողների համար եւ այլն։