Հինգ դուալ կրթական ծրագրերը կմեկնարկեն հաջորդ ուստարում․ քննարկում AWDA ծրագրի շրջանակում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» (AWDA) շրջանակում ՀԱԱՀ-ում կայացած հերթական հանդիպումը նվիրված էր «Դուալ ՄԿՈՒ ծրագրերի մշակումը ընտրված ոլորտներում» վերտառությամբ մեկնարկային քննարկմանը։ Ծրագրի եւ համալսարանի պատասխանատուներից բացի, մասնակցում էին նաեւ մի քանի գործատուներ։

Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի ներածական խոսքից հետո ծավալված շահագրգիռ քննարկումն ի հայտ բերեց անցյալ տարվա վերջին մեկնարկած ծրագրի՝ արդեն նշմարվող հեռանկարները, ծրագրում առանցքային դերակատարություն ունեցող կառույցների «դերաբաշխումը», երիտասարդների ու կանանց՝ որպես հիմնական շահառուների ներգրավումը, դուալ կրթության արտերկրի փորձը, աշխատանքի վրա հիմնված կրթության՝ Հայաստանի համար առաջարկվող մոդելները եւ հարակից բազմաթիվ այլ հարցեր։

Փոքրաթիվ, բայց շահագրգիռ գործատուների ներկայությունը, նրանց պրոֆեսիոնալ, անկեղծ գնահատականները, սեփական հարուստ փորձը, աշխատաշուկան մասնագետներով հագեցնելու նրանց խիստ «երկրային» պատկերացումները շատ բան տվեցին քննարկմանը։

Ինչ վերաբերում է բուն դուալ կրթական ծրագրերին, ՀԱԱՀ համակարգում 5 այդպիսի ծրագիր կներդրվի արդեն 2022-2023 ուսումնական տարում․ Ա․ Քոչինյանի անվան քոլեջը, Վանաձորի, Շիրակի եւ Սիսիանի մասնաճյուղերը կառաջարկեն կաթիլային ոռոգման, պահածոների տեխնոլոգիաների, ջերմատնային տնտեսության, մսամթերքի եւ կաթնամթերքի տեխնոլոգիաների դուալ ծրագրեր։