Հեռակա ուսուցման համակարգում սովորող ագրոէկոլոգներն ու անտառագետները հաջողությամբ պաշտպանեցին ավարտաճառերը

Փետրվարի 28-ին տեղի ունեցավ ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի «Ագրոէկոլոգիա»  եւ «Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում» կրթական ծրագրերի հեռակա 6-րդ կուրսերի ուսանողների ավարտաճառերի պաշտպանությունը: Ագրարային համալսարանն ավարտող 14 ագրոէկոլոգներն ու 5 անտառագետները հաջողությամբ պաշտպանեցին իրենց դիպլոմային աշխատանքները՝ անդրադառնալով ոլորտի կարեւոր հիմնախնդիրներին, առաջարկելով խնդիրների լուծմանը կամ իրավիճակի բարելավմանը միտված իրենց նորարար մեթոդներն ու գաղափարները:

Ագրոէկոլոգներից Մանվել Գասպարյանն, օրինակ, իր աշխատանքում  անդրադարձել էր Երեւան քաղաքի Նուբարաշենի աղբավայրի խնդիրներին, կատարել էկոլոգիական վիճակի գնահահատում, առաջարկել իրավիճակի բարելավման ուղիներ, մասնավորապես՝  կառուցել բուֆերային անտառագոտի՝  խոչընդոտելով անձրեւների միջոցով աղբավայրից դեպի հարակից տարածքներ կեղտաջրերի հոսքին:  Նրա կուրսընկերներից  Գրիգոր Խաչատրյանն էլ, որը նաեւ աշխատում է ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում, ուսումնասիրել էր տնտեսության ագրէկոհամակարգերի (բանջարանոց, խաղողի եւ ինտենսիվ այգիներ) թափոններից կոմպոստի ստացման հնարավորությունները՝ առաջարկելով տնտեսությունում ներդնել թափոնների հարակայուն կառավարման մոդել:

Անտառագետների աշխատանքները եւս ՀՀ տարբեր տարածաշրջանների համար արդիական խնդիրների էին անդրադառնում. Ոսկան Ոսկանյանն իր ավարտական աշխատանքում ուսումնասիրել էր Ապարան խոշորացված համայնքի Թթուջուր բնակավայրի վարելահողերի վիճակն ու առաջարկել դեգրագացված հողերի վերականգնում անտառապատման միջոցով:

Ողջունելի է, որ ավարտաճառերն աչքի էին ընկնում ոչ միայն թեմաների արդիականությամբ, այլ նաեւ լայն աշխարհագրությամբ՝ անդրադառնալով մեր երկրի ամենատարբեր տարածաշրջանների բնակավայրերի ագրոէկոլոգիական խնդիրներին:

Ինչպես նշեց Ագրոէկոլոգիայի եւ անտառագիտության ամբիոնի վարիչ, գ.գ.թ., դոցենտ Մարինե Մարկոսյանը, ուրախալի է, որ հեռակա ուսուցման համակարգում սովորող 19 ուսանողից 5-ի աշխատանքը հանձնաժողովը գնահատեց գերազանց, որն անշուշտ վկայում է ուսանող-գիտական ղեկավար համատեղ ջանքերի ու արդյունավետ աշխատանքի մասին: