Հավաստագրողները եւ փորձորոշողները Կարբիում էին

Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մասնակիցների հերթական գործնական պարապմունքը Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող  Իշխան Եսայանի տնկարանում էր։ Այն նվիրված էր պատվաստակալների որակական գնահատման հարցերին։

Տնկարանը զբաղվում է ծիրանենու, սալորենու, դեղձենու, նշենու, կեռասենու, սերկեւիլենու, խնձորենու, տանձենու եւ այլ պտղատեսակների տնկանյութի արտադրությամբ։ Տնկարանում առկա է ինչպես ցանքի դաշտ, այնպես էլ ձեւավորման բաժնի առաջին կամ պատվաստի դաշտ։ Տնկարանն ունի ձեւավորման բաժնի երկրորդ եւ երրորդ դաշտեր եւ սորտային մայրուտներ։

Գործնական պարապմունքի ընթացքում ծրագրի փորձագետ Արամ Ասատրյանի գլխավորությամբ հանվեցին դեղձենու, ծիրանենու եւ նշենու պատվաստակալներ եւ չափվեցին ու հաշվարկվեցին դրանց բուսակների բարձրությունը, բնի տրամագիծը, կողքային արմատների թիվը եւ այդ ցուցանիշները համեմատվեցին չափորոշիչով սահմանված ցուցանիշների հետ՝ տնկանյութի որակական կարգը որոշելու համար։

Պարոն Ասատրյանը մասնակիցներին ներկայացրեց նաեւ ձեւավորման առաջին եւ երկրորդ դաշտերում տնկանյութի մշակության, խնամքի, ձեւավորման եւ փորձորոշման աշխատանքները, ինչպես նաեւ սորտային մայրուտի կազմը եւ բազմացվող սորտերի առավելություններն ու թերությունները։

Դասընթացն իրականացնում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միությունից  եւ համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցությունից (ԱԶՀ)։