Հոկտեմբերի 18-ին ավարտական հավաստագրեր հանձնվեցին վերապատրաստման կարճաժամկետ հերթական դասընթացի մասնակից ՀԱԱՀ աշխատակիցներին։ Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակամիջոցում Էքսելիստ ՍՊԸ-ի կողմից անցկացված «Կիրառական Excel» դասընթացը վարող Լիլիթ Վարդանյանը հավաստագրեր հանձնեց այն հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին։
Հավաստագրերի հանձնմանը ներկա էին աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը եւ բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը, որոնք շնորհավորեցին հավաստագրեր ստացողներին եւ շնորհակալություն հայտնեցին Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ին, որի «Հմտությունների եւ գիտելիքների զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում էր կազմակերպվել դասընթացը։ Մեր գործընկեր ՌԶԳ-ն ծրագիրն իրականացնում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA)-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ։
ՌԶԳ-ի նախաձեռնությամբ Ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ աշխատակիցների համար անցկացվող կարճաժամկետ դասընթացներն առհասարակ աչքի են ընկնում թեմաների հրատապությամբ եւ, որ շատ կարեւոր է, դասընթացավարների պրոֆեսիոնալ եւ անձնային բարձր որակներով։ Ահա տիկին Լիլիթ Վարդանյանն էլ, ինչպես ակնհայտ դարձավ հավաստագրերը հանձնելիս, պարզապես ուսուցանող չէ, այլ մերոնց հետ գործընկերային ամուր կապեր հաստատած լավ բարեկամ։