Հանդիպումն այդպես էլ չավարտվեց․ անասնաբուժության գրավիչ հեռանկարները

Քոլեջի եւ վարժարանի սաներն այսօր՝ փետրվարի 14-ին, շատ օգտակար հանդիպում ունեցան ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի շրջանավարտներ, Ժոլի անասնաբուժական կենտրոնի անասնաբույժներ Աննա Խաչատրյանի եւ Էրիկ Խաչատրյանի հետ։

Ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանի նախաձեռնությունը նպատակային էր․ Աննան եւ Էրիկը խոսեցին դեռ ուսանողական նստարանից աշխատելու, ունեցած մասնագիտական ոչ երկար, բայց բավականին հաջողված փորձառության մասին։ «Վստահ եմ, որ Աննայի եւ Էրիկի անցած ուղին շատ կհետաքրքրի եւ կօգնի ձեզ առաջիկայում մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցում»,- ասաց տիկին Աբովյանը։

Հանդիպումը ցույց տվեց, որ շատերն արդեն կողմնորոշված են, թեպետ դեռ վերջնական որոշում կայացնելու ժամանակ ունեն։ Ոմանք կենդանատերեր են եւ նախատեսվածից շատ ավելի երկար տեւած հանդիպումն այդպես էլ չբավականացրեց բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար։ Հարցերը վերաբերում էին տարատեսակ հիվանդություններից ու բուժագործողությունների մանրամասներից մինչեւ ոլորտի ընդհանուր զարգացումն ու խնդիրները, ուսումնառության տարիներին «հատուկ» ուշադրության արժանի անելիքները․․․ Զարմանալի դինամիկ, բազմընդգրկուն, հուսադրող հանդիպում էր։

«Անասնաբուժության ոլորտը մեր երկրում զարգանում է այնպիսի արագ թափով, որ ամեն օր մի նոր ենթաուղղության, մի նորույթի ենք ականատես լինում։ Շատ կարեւոր է, որ ձեզանից նրանք, որ արդեն ընտրել են կամ կընտրեն այս մասնագիտությունը, համալսարանական տարիներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեն անընդհատ սովորելու, մասնագիտական տեսությանն ու պրակտիկային տիրապետելու իրենց պարտականություններին։ Փառք Աստծո, մեր սիրելի դասախոսներն այսօր էլ նույն նվիրվածությամբ աշխատում են ձեզ հետ, տարբերությունն այն է, որ ֆակուլտետում այսօր սովորելու համար որակական միանգամայն այլ միջավայր է ստեղծված, որոնք չկային մեր ուսումնառության տարիներին»,- ասաց Աննան։

Բանախոսներն իրենց կլինիկայի ղեկավարության անունից հաճույքով եւս մեկ անգամ (դեկան Աբովյանի հետ կանխավ արդեն քննարկել էին) ուսանողներին հրավիրեցին աշխատանքային կիսամյակ անցկացնել Ժոլի կենտրոն, որն ունի երկրի ամենաառաջադեմ, լավագույն մասնագետներով ու արդիական սարքավորումներով հագեցած կլինիկաներից մեկը։