Համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողները եւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակիցները հերթական հետաքրքիր ու արդյունավետ հանդիպումն ունեցան Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության ներկայացուցիչների հետ։
Ընկերության մատակարարման շղթայի պատասխանատու, Երևանի գործարանի ղեկավար Արսեն Վահանյանը, ՄՌԿ բիզնես գործընկեր Նելլի Փուրթոյանը, Որակի, անվտանգության եւ շրջակա միջավայրի կառավարման տնօրեն, ՀԱԱՀ շրջանավարտ Վահան Ստեփանյանը եւ Տաղանդների համալրման գործընկեր Անի Սարգսյանը ներկայացրեցին Կոկա-Կոլա ընկերության գործունեությունը, արժեքները, մարդկային ռեսուրսների կառավարման, կարիերա զարգացնելու հնարավորություններն ու առանձնահատկությունները։ Խոսվեց թափուր տեղերի համալրման մեխանիզմների, ընկերությունում ՀԱԱՀ ուսանողների աշխատանքային կիսամյակների անցկացման հնարավորությունների մասին։
Ուսանողների համար հետաքրքիր եւ ուսանելի էր նաեւ պարոն Արսեն Վահանյանի հաջողության պատմությանը հաղորդակից դառնալը։ Նրա օրինակը առարկայական ձեւով ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հաջողության հասնել կարիերայի զարգացման գործում, եթե ունես գիտելիք, կատարելագործվելու մշտական ձգտում, աշխատասիրություն եւ նպաստավոր այնպիսի միջավայր ու արժեքներ, ինչպիսիք առկա են Կոկա-Կոլա ընկերությունում։
Համալսարանի եւ Կոկա-Կոլա ՀԲՔ ընկերության միջեւ երկարամյա համագործակցությունը հոկտեմբերին ամրագրվել է կնքված հուշագրով, եւ այս ուշագրավ հանդիպումը դրանով նախատեսված գործողությունների եւ ծրագրերի շրջանակում էր։ Հուշագիրը մասնավորապես ներառում է սոցիալապես պատասխանատու եւ ընդհանուր արժեքներով առաջնորդվող այս ընկերությունում ՀԱԱՀ ուսանողների եւ շրջանավարտների մասնագիտական ներուժի զարգացման բավական լավ հնարավորություններ։