Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայ – ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը եւ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը մայիսի 23-ին համաձայնագիր են ստորագրել «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» (ՀՏԱ) նախաձեռնության շրջանակում համագործակցության վերաբերյալ։
ՀՏԱ նախաձեռնության հիմնական նպատակը բարձրտեխնոլոգիական եւ գիտակրթական կարողությունների զարգացման ոլորտներում համագործակցությունն է՝ առաջնորդվելով պետական շահի պաշտպանության սկզբունքով։
Այս նպատակին են ծառայելու նախաձեռնության շրջանակում իրականացվելիք միջոցառումները, անդամ բուհերի կողմից նշանակված գլխավոր հետազոտողների գործունեությունը, ՀՏԱ ոլորտային ուղղություններով գիտահետազոտական, կրթական եւ իրազեկման ծրագրերը եւ այլ աշխատանքներ։