Այսօր՝ սեպտեմբերի 10-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկեց «Կենսաակտիվ միացությունների հայտնաբերում, հետազոտություն եւ օգտագործում՝ առողջ եւ ֆունկցիոնալ սննդամթերքի զարգացումը» թեմայով ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի (FFC) 32-րդ միջազգային գիտաժողովը եւ Ֆունկցիոնալ սննդամթերքի եւ կենսաակտիվ միացությունների ակադեմիական ընկերակցության (ASFFBC) 20-րդ սիմպոզիումը եւ ցուցահանդեսը։
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, պարոն Զաքոյանը մասնավորապես հակիրճ անդրադարձավ ՀԱԱՀ պատմությանը, առաքելությանը, գիտական գործունեությանը եւ գիտական ստորաբաժանումներին։ Նա արձանագրեց վերջին տարիներին համալսարանի աշխատակիցների մեծ մասի շրջանում գիտական գործունեության նկատմամբ հետաքրքրության աճը։ Ֆունկցիոնալ սննդի ոլորտում իրադարձային ավանդական գիտաժողովն Ագրարայինում անցկացնելու համար շնորհակալություն հայտնեց FFC-ի հիմնադիր դոկտ․ Դանիկ Մարտիրոսյանին եւ այս փաստը եւս դիտարկեց համալսարանում գիտական գործունեության աշխուժացման շրջանակում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը նախարարության անունից ողջունեց գիտաժողովի եւ ցուցահանդեսի մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնեց այս կարեւոր միջոցառումը մեր երկրում անցկացնելու համար։ Նախարարի տեղակալը գիտաժողովը դիտարկեց որպես հայաստանյան սննդի արդյունաբերության զարգացման գործում լուծումներ գտնելու, սպառողների շրջանում գնալով ավելի կարեւոր դեր ստացող ֆունկցիոնալ սննդամթերքի օգտագործման մարտավարական քայլերի մշակման, բնակչության շրջանում ֆունկցիոնալ սննդամթերքի առողջարար ազդեցության մասին իրազեկման մակարդակի բարձրացման հնարավորություն։ Տիկին Սարգսյանը շատ կարեւոր համարեց նաեւ գիտաժողովի կազմակերպիչ եւ մասնակից միջազգային մեծ հեղինակություն ունեցող կազմակերպությունների հետ Ագրարային համալսարանի աշխատակիցների եւ ուսանողների գիտական կապերի ստեղծման ու զարգացման հեռանկարը։
Բացման խոսքով եւ FFC-ի կողմից ֆունկցիոնալ սննդամթերքի սահմանման, դասակարգման եւ գնահատման վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Տեխասի նահանգի Դալլաս քաղաքում գործող Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի նախագահ դոկտ․ Դանիկ Մարտիրոսյանը։
Օրվա առաջին նիստի հիմնական զեկուցողը Կոպենհագենի համալսարանի պրոֆեսոր Կայ Վինթերն էր, որը խոսեց ցավազրկող դեղամիջոցների սպառման եւ մարմնի՝ տարիքով պայմանավորված փոփոխությունների վրա ազդելու՝ մասուրի ներուժի մասին։
Երկրորդ նիստի թեման հիվանդությունների կառավարման գործում ֆունկցիոնալ սննդի դերն էր։ Երրորդ եւ չորրորդ նիստերում վեր հանվեցին կենսակտիվ միացությունների հայտնաբերմանը, աղբյուրներին, առողջապահական օգուտներին, անվտանգությանը, սննդամթերքում դրա պարունակությանը եւ մարդու առողջության վրա դրական ազդեցությանն առնչվող հարցեր։
Օրվա վերջին նիստում գիտաժողովի մասնակիցները ներկայացրեցին իրենց պաստառները։
Ագրարային համալսարանի եւ այլ գիտական տարբեր ստորաբաժանումներ ՀԱԱՀ ճեմասրահում կազմակերպված ֆունկցիոնալ սննդամթերքի ցուցահանդեսին ներկայացել էին ֆունկցիոնալ սննդամթերքի իրենց յուրահատուկ տեսականիով։