ՀԱԱՀ ռեկտորը մասնակցել է Գյումրիի տեխնոլոգիական շաբաթին

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը «Գյումրիի տեխնոլոգիական շաբաթ» միջոցառումների շարքի խոսնակներից մեկն էր։ Շաբաթը մեկնարկել է հուլիսի 2-ին եւ կավարտվի այսօր՝ հուլիսի 4-ին։ ՏՀՏ հանրության ջանքերի կենտրոնացումը Գյումրիում հետապնդում է մարզային եւ համայնքային զարգացման խթանման, նոր թիմերի ստեղծման, գիտելիքների եւ հմտությունների փոխանցման եւ նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտման նպատակ։

ՀԱԱՀ ռեկտորի ելույթը վերաբերում էր ագրոտեխնոլոգիական լուծումների հսկայական ներուժին, որոնք կարող են նպաստել գյուղատնտեսության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը։

Տեխնոլոգիական շաբաթին մասնակցող զանազան ոլորտներից հազարավոր մարդիկ ներկայացնում են իրենց փորձը, գիտելիքներն ու պատկերացումները՝ Հայաստանի տարածաշրջանների եւ համայնքների հարակայուն զարգացման գործում տեխնոլոգիաների հարաճուն եւ վճռական դերը հասկանալու, «գույքագրելու» եւ կոնկրետ գործողություններ ու ռեսուրսներ նախանշելու համար։

Ռեկտոր Ուռուտյանը գոհունակությամբ է նշում տեխնոլոգիական շաբաթվա «հիանալի ստեղծագործական մթնոլորտը եւ հարյուրավոր երիտասարդների փայլող աչքերը, որ սովորելու, զարգանալու եւ հաջողելու վճռականություն են արտահայտում»։

Գյումրիի տեխնոլոգիական շաբաթվա կազմակերպիչներն են gg, Instigate Mobile եւ The Crowdfunding Formula ընկերությունները։ Մասնակցում են ՏՏ ոլորտի ավելի քան 60 ընկերություններ։ Մասնակիցների թիվն անցնում է 4000-ից։ Քաղաքի տարբեր վայրերում տեղի են ունեցել բազմազան միջոցառումներ, ներառյալ՝  Armenian Software Testing Cup, գաղափարների «Կորիզ» մրցույթ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի եւ այլն։