ՀԱԱՀ քոլեջի ուսանողները՝ Անտառի միջազգային օրվան նվիրված մրցույթի հաղթող

ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի «Շրջակա միջավայրի պահպանում եւ բնական պաշարների արդյունավետ օգտագործում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները մասնակցել են  Անտառների միջազգային օրվա (մարտի 21) առթիվ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմակերպած «Էկոհետախուզություն» խորագրով մրցույթ-միջոցառմանը: Ագրարայինի թիմը (Էլեն Ղազարյան, Մերի Ցականյան, Մանե Գեւորգյան, Անի Գալստյան) Անտառագիտության եւ ագրոէկոլագիայի ամբիոնի դոցենտ Կարինե Սարգսյանի առաջնորդությամբ փոքրիկ հարցազխույզ-հետազոտություն էին իրականացրել «Քաղաքը ծխի մեջ է» թեմայով, պատրաստել տեսանյութ՝ ներկայացնելով ինչպես բուհի դասախոսների, այնպես էլ իրենց հասակակիցների տեսակետը շրջակա միջավայրի եւ օդի աղտոտվածության վերաբերյալ, առաջարկել լուծումներ: Տեսանյութի հղումը:

Մրցույթին մասնակցում էին նաեւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի բակալավրիատի 3-րդ կուրսի եւ Կոտայքի մարզից երկու քոլեջների ուսանողներ: Մրցութային  հանձնաժողովի հավանությանն արժանացել եւ հաղթող է ճանաչվել ագրարայինցիների պատրաստած տեսանյութը: Մեր ուսանողներն արժանացել են խրախուսական նվերների եւ շնորհակալագրերի, որոնք երեկ՝ մարտի 24-ին, նրանց հանձնեց ՀԱԱՀ  Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Մարինե Մարկոսյանը:

Տիկին Մարկոսյանը շնորհավորեց ուսանողներին եւ նրանց դասախոսին՝ համատեղ ջանքերի շնորհիվ արձանագրած հաղթանակի առթիվ, կարեւոր համարեց, որ ուսանողական տարիներից երիտասարդները ներգրավվեն շրջակա միջավայրի պահպանության, էկոլոգիական խնդիրների վերհանման եւ դրանց լուծումների առաջադրման գործընթացներում։ Հույս հայտնեց, որ աղջիկների հաղթական թիմն իր այս հաջողությամբ կշահադրդի եւ օրինակ կդառնա մյուս ուսանողների, մասնավորապես՝ համակուրսեցիների եւ հատկապե՛ս տղա կուրսընկերների համար:

Անտառի օրվա խորհուրդը ամրապնդելու նպատակով մրցույթի մասնակիցներն ու կազմակերպիչները նաեւ ծառատունկ են իրականացրել «Ջրվեժ» անտառպարկում, իսկ Ագրարայինի թիմը երեկ  համալսարանի ետնաբակում տնկեց մրցույթի կազմակերպիչներից նվեր ստացած գիհու տնկին՝ որպես Անտառի միջազգային օրվան նվիրված խորհրդանիշ: