Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը եւ ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանը, Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի պատասխանատուների հետ հանդիպումներից եւ դաշտային այցելություններից հետո, եղել են Կույոյի ազգային համալսարանում։ Այստեղ ռեկտոր Ուռուտյանը հանդիպել է համալսարանի ռեկտոր դոկտ․ Էսթեր Սանչեսի, պրոռեկտոր Գաբրիել Ֆիդելի եւ Ագրարային գիտությունների ֆակուլտետի դեկան դոկտ․ Մարիա Ֆլավիա Ֆիլիպինիի (որի հետ ռեկտոր Ուռուտյանը մեր «Սերունդ» գինին «փոխանակել է» տեղական գինու հետ), ինչպես նաեւ Միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակիցների հետ։ Քննարկումներին միացել է նաեւ Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի գրասենյակի ղեկավար Անտոնիո Սարաֆյանը։ ՀԲԸՄ-ն աջակցում է արգենտինացի գործընկերների հետ ՀԱԱՀ-ի իրականացրած ծրագրին։
Արգենտինացի գործընկերների հետ քննարկվել են գինեգործության եւ գինեգործական կրթության ու հետազոտությունների, գինու տուրիզմի եւ շուկայահանման բնագավառներում պոտենցիալ գործակցությանն առնչվող հարցեր։ Հաշվի առնելով, որ միայն Մենդոզայի շրջանն ամեն տարի հյուրընկալում է ավելի քան մեկ միլիոն գինու զբոսաշրջիկներ, նշված ոլորտներում գործակցության շատ մեծ ներուժ կա։
Արգենտինացի գործընկերները հետաքրքրությամբ տեղեկացան (նրանցից Կլաուդիո Գալմարինին եւ Լեոնարդո Սեբաստիան Տոնիոն արդեն լավ ծանոթ էին) ՀԱԱՀ-ի վերջին տարիների դրական զարգացումների մասին։ Մասնավորապես, մեր գործընկերները հետաքրքրություն ցուցաբերեցին ագրոտեխնոլոգիական ստարտափ ինկուբատորի գործունեության նկատմամբ եւ ցանկություն հայտնեցին հանդես գալ համատեղ նախաձեռնություններով։ Առաջիկայում համապատասխան հուշագիր ստորագրելու պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն էլ կտա գործընթացի մեկնարկը։
Կույոյի ազգային համալսարանի Ագրարային գիտությունների ֆակուլտետն ունի շուրջ 3000 ուսանող, որոնք ուսումնառում են ագրարային բոլոր մասնագիտությունների գծով։ Համալսարանի ուսանողների ընդհանուր թիվը շուրջ 50000 է։