Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը եւ նույն ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանը աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետությունում են։ Այցը համաֆինանսավորել են ՀԱԱՀ արգենտինյան գործընկերները՝ Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը եւ Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
Այցի առաջին երկու օրերին ՀԱԱՀ պատվիրակությունը մայրաքաղաք Բուենոս Այրեսում հանդիպումներ է ունեցել Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (INTA) գլխավոր գրասենյակում՝ այդ կազմակերպության ղեկավարների հետ։ INTA-ի տնօրեն Կարլոս Պարերայի, փոխնախագահ Նասիրա Մունյոսի եւ հաստատութենական գործերով կառավարիչ Գիլերմո Սանչեսի հետ քննարկվեցին բազմամյա արդյունավետ փոխգործակցության ընթացիկ հարցեր եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հեռանկարներ։ Քննարկումներին միացել է նաեւ Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի գրասենյակի ղեկավար Անտոնիո Սարաֆյանը։
Ագրարայինի պատվիրակությունն այնուհետեւ մեկնել է Մենդոզա, որտեղ այցելել են տարբեր ֆերմերների եւ ծանոթացել լոլիկի, պղպեղի, եգիպտացորենի դաշտերում, խաղողի սեղանի մշակաձեւերի այգիներում եւ այլուր կիրառվող նորարարական տեխնոլոգիաներին։ Դաշտային այցելությունների ժամանակ հայ գործընկերներին ուղեկցում էր INTA-ի Մենդոզայի եւ Սան Խուան շրջանների տարածաշրջանային տնօրեն Կլաուդիո Գալմարինին՝ իր աշխատանքային թիմով։ Պարոն Գալմարինին եւ Լեոնարդո Սեբաստիան Տոնիոն անցյալ տարվա օգոստոսին եղել են Հայաստանում, Գագիկ Թովմասյանի եւ Ռուդիկ Նազարյանի հետ ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում արգենտինյան նոր տեխնոլոգիաներով բանջարեղենի աճեցման հաջողված փորձեր դրել։
Այցը շարունակվում է։ Կույոյի ազգային համալսարանի ռեկտորի եւ Գյուղատնտեսական գիտությունների ֆակուլտետի դեկանի հետ հանդիպման մասին կտեղեկացնենք հաջորդիվ։