ՀԱԱՀ պատվիրակության այցը Կրետեի համալսարան

Հուլիսի 17-ից 21-ը Կրետեի համալսարանը Պիրեուսի համալսարանի համակարգմամբ իրականացվող Էրազմուս+ միջազգային շարժունության կոնսորցիումային խմբի համագործակցության համատեքստում Հերակլիոնի եւ Ռեթիմնոնի մասնաճյուղերում հյուրընկալեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությանը՝ ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանին, Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետի տեղակալ Սուսաննա Մեժլումյանին, գլխավոր հաշվապահ Մարիամ Պողոսյանին եւ ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանին։ Այցի հիմնական նպատակը համագործակցության ընդհանուր ոլորտների ուսումնասիրությունն ու անձնակազմի եւ ուսանողների փոխանակման խթանումն էր: Ընդունելությունը շրջանակված էր երկու հաստատությունների տարբեր կառույցների շնորհանդեսներով եւ մշակութային միջոցառումներով:

ՀԱԱՀ պատվիրակությանը դիմավորեց Կրետեի համալսարանի ռեկտորի տեղակալ Կոնստանտինոս Սպանուդակիսը, որն իր ողջույնի խոսքում արժեւորեց ՀԱԱՀ ներկայացուցիչների առաջին այցը Կրետեի համալսարան, ներկայացրեց համալսարանի արժեքներն ու զարգացման հեռանկարները, նշեց, որ այն առանձնանում է գիտահետազոտական ինտենսիվ գործունեության լայն սպեկտրով եւ հույս հայտնեց, որ համալսարանների միջեւ հետագա համագործակցությունը երկար սպասել չի տա։

Քանի որ ՀԱԱՀ այցն անդրանիկն էր, հյուրընկալող համալսարանի ներկայացուցիչները շատ հարցեր ունեին եւ ՀԱԱՀ պատվիրակության անունից Լուսինե Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց ՀԱԱՀ-ի պատմությունն ու ներկայի արժեքները, նորարարական փոփոխությունները, գործող լաբորատորիաների կիրառական հնարավորությունները, արդիական մասնագիտությունները, զարգացման միտումները եւ հետազոտական հետաքրքրությունները: Իսկ ներկայացման ավարտին ՀԱԱՀ պատվիրակության անդամները «Սերունդ» գինիներ նվիրեցին Միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակիցներին եւ ռեկտորի տեղակալ Սպանուդակիսին, որն, ինչպես պարզվեց, մեծ գինեսեր է ու գինու գիտակ։

Համալսարանի վարչական տնօրեն Էլեֆտերիա Ալեֆանդինուն իր հերթին ներկայացրեց Կրետեի համալսարանի պատմությունը եւ կառուցվածքային ստորաբաժանումները, հետազոտության հիմնական ուղղությունները, բակալավրի եւ մագիստրոսի մակարդակներում գործող կրթական ծրագրերը, հատուկ անդրադառնալով անգլերենով ուսուցանվող կրթական ծրագրերին։

Հաջորդիվ պատվիրակության անդամները ծանոթացան Կրետեի համալսարանի անընդհատ զարգացող ենթակառույցներին։ Այցերն ու ներկայացումները շարունակվեցին համալսարանի տարբեր ստորաբաժանումներում՝ Գիտելիքի փոխանցման գրասենյակում, Ֆինանսական եւ վարչական կառավարման բաժիններում, Ենթակառույցների տեխնոլոգիական սպասարկման, ինֆորմատիկայի եւ հաղորդակցության կենտրոնում, գրադարանում, Միջազգային կապերի դեպարտամենտում։ Այցելեցին Հերակլիոն քաղաքում գործող Բնության պատմության թանգարան, որը նույնպես գործում է Կրետեի համալսարանի կառուցվածքում։

ՀԱԱՀ պատվիրակները ծանոթացան նաեւ համալսարանի տարբեր կենտրոններում իրականացվող հետազոտական ծրագրերին, որոնցից ուշագրավ էր պրոֆեսոր Էլեն Կացառուի ներկայացրած «Արհեստական բանականություն կրթության մեջ» նախագիծը եւ IDAology հետազոտական ծրագիրը, որը հետազոտական շտեմարան է՝ թվային տվյալների բազա ու վիրտուալ իրականության ծրագրակազմային հավելված։