Երեկ՝ հուլիսի 27-ին, Իբիս հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի իրականացրած «Հայաստանում պարենի եւ էներգետիկ նպատակներով գյուղատնտեսական մշակաբույսերի ներդրման իրագործելիություն» թեմայով ուսումնասիրության ներկայացում-աշխատաժողովը: Ուսումնասիրությունն իրականացվել է ԵՄ կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության պատվիրակմամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող ԷԿՈսերվ ծրագիրը: Ծրագիրը նպաստում է ԵՄ գործողության ընդհանուր նպատակին, այն է՝ բարելավել էներգաարդյունավետությունը եւ նպաստել շրջակա միջավայրի պահպանությանն ու կայունությանը:
Աշխատաժողովին ներկա էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների, ՀԿ-երի եւ գործարար ոլորտի ավելի քան 30 ներկայացուցիչ:
Ողջույնի խոսքում ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը կարեւոր համարեց ուսումնասիրության արդիականությունը՝ նշելով, որ տարիներ առաջ Ագրարային համալսարանում համանման ուսումնասիրություն իրականացրել են ուսանողները․ նրանք ուսումնասիրել են ոչ ավանդական մշակաբույսերից միսկանտուսի մշակման հնարավորություններն ու էներգետիկ արժեքը: «Հիմա ուրախ եմ, որ ավելի համապարփակ ուսումնասիրություն կատարելու հնարավորություն է ստեղծվել»,-նշեց ռեկտորը՝ շնորհակալություն հայտնելով ՀԱԱՀ հետոզոտական թիմին կատարած լայնածավալ եւ համապարփակ ուսումնասիրության, իսկ գործընկերներին՝ աջակցության համար:
ԷԿՈսերվ ծրագրի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը եւս շնորհակալություն հայտնեց ՀԱԱՀ-ի հետազոտական թիմին՝ կատարված աշխատանքների համար, գործընկեր նախարարություններին՝ մասնագիտական աջակցության եւ ուղղորդման համար եւ նշեց հետազոտության արդիականությունը պարենային եւ էներգետիկ անվտանգության համատեքստում։
ՀԱԱՀ մարքեթինգի եւ զարգացման բաժնի պետ Միսակ Ղարագյոզյանը ներկայացրեց ուսումնասիրության մեթոդաբանությունը, նպատակն ու խնդիրները: Հետազոտական թիմը խնդիր է դրել բացահայտել գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրությունից գոյացած թափոնների, մնացորդների եւ այլ կենսազանգվածի՝ որպես այլընտրանքային կենսաէներգիայի ստացման եւ արդյունավետ օգտագործման հնարավորությունները եւ առաջարկել հայաստանյան կլիմայի նկատմամբ կայուն մշակաբույսեր (ավանդական եւ ոչ ավանդական), որոնք նպատակահարմար են պինդ կենսավառելիքի ստացման համար։ Սա կնպաստի էկոլոգիապես մաքուր վառելիքի՝ կենսաէներգիայի արտադրության ծավալների ավելացմանը եւ համապատասխան ոլորտների զարգացմանը:
ՀԱԱՀ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանն էլ ներկայացրեց հետազոտության ընթացքն ու արդյունքները՝ անդրադառնալով Հայաստանում պարենային, կերային, տեխնիկական եւ էներգիայի նպատակներին ծառայող տարբեր գյուղատնտեսական ավանդական եւ ոչ ավանդական մշակաբույսերի մշակության իրագործելիությունը՝ ներառյալ տնտեսական արդյունավետությունն ու նպատակահարմարությունը: Ուսումնասիրության միջոցով ընտրված մշակաբույսերի՝ եգիպտացորենի, արեւածաղկի, սորգոյի եւ գետնախնձորի հիման վրա առաջարկվել են պիլոտային նախագծեր՝ Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում:
Աշխատաժողովի ավարտին ծավալվեց արդյունավետ, ակտիվ քննարկում: Ներկաները, որոնց թվում նաեւ կենսաբանական հումքից էներգիա արտադրող տնտեսավարողներ կային, հանդես եկան կարեւոր հարցադրումներով ու առաջարկներով, որոնք կդիտարկվեն հետազոտության եւ առաջարկվող պիլոտային նախագծերի հետագա քայլերն իրագործելիս: