Ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը մարտի 2-ին ողջույնի եւ բացման խոսքով հանդես եկան «Գյուղատնտեսական նորարարական լուծումներ» խորագրով բիզնեսը բիզնեսին ձեւաչափով աշխատաժողովին, որը տեղի ունեցավ ՀԱԱՀ «Զարթոնք» հանգստյան տան Ուսուցման եւ վերապատրաստման նորարարական «Ագրոճամբար» կենտրոնում:
Աշխատաժողովի նպատակն էր միջին եւ խոշոր այգետերերին, ջերմատնային տնտեսությամբ զբաղվողներին ներկայացնել Հայաստանում գործող նորարարական ծառայություններ եւ ապրանքներ մատուցող կառույցներ՝ գործարար կապեր ստեղծելու եւ համագործակցության նոր ուղղություններ զարգացնելու նպատակով։
Գյուղատնտեսության բնագավառում արեւային էներգիայի օգտագործման, հողի պարամետրերի խելացի չափիչ համակարգերի, ջերմատնային տնտեսություններում թվային տեխնոլոգիաների կիրառության, ջրային եւ հողային ռեսուրսների տեխնոլոգիական կառավարման եւ այլ թեմաներին առնչվող զեկուցումներով հանդես եկան գլխավորապես ՀԱԱՀ Ագրոթեք ինկուբատորի ստարտափների մրցույթների հաղթողներ, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերության «Գաղափարից՝ բիզնես» մրցույթի հաղթող, ՀԱԱՀ Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման եւ տեխնիկայի շահագործման ամբիոնի դոցենտ Արթուր Ալթունյանը եւ ՀԱԱՀ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնի տնօրեն, տեխ. գիտ. դոկտոր, պրոֆ. Գուրգեն Եղիազարյանը:
Զեկուցողներն իրենց հետաքրքիր եւ հեռանկարային նորարարական լուծումներն առաջարկեցին աշխատաժողովին մասնակցող ֆերմերներին՝ արժանանալով վերջիններիս եւ մասնակից այլ շահակիցների հետաքրքրությանը:
Միջոցառումն իրականացվեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ֆինանսավորմամբ՝ «Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի շրջանակում, որն իրականացնում է CARD հիմնադրամը՝ այլ գործընկերների հետ համատեղ: