ՀԱԱՀ-ի ֆակուլտետների դեկաները շարունակում են հանդիպումները հանրապետության մարզերի գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուների հետ՝ վեր հանելու մարզերում առկա խնդիրները և դրանց լուծման հարցում առաջարկելու իրենց խորհրդատվական աջակցությունը: Օրերս Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը և Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Կարեն Մինասյանը այցելել են Լոռու և Տավուշի մարզեր, հանդիպումներ ունեցել մարզպետարանների՝ ոլորտի պատասխանատուների հետ: Լոռու մարզում դեկաններին է միացել նաև ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Հակոբյանը:
Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը շնորհակալություն է հայտնել Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին՝ երկրի ագրարային ոլորտի զարգացմանը միտված այս նախաձեռնության համար, կարևորել մարզերի գյուղատնտեսական խնդիրները վերհանելու և դրանց լուծմանն աջակցելու համար բուհի մասնագետների պատրաստակամությունը: Ընդհանրացնելով Լոռու և Տավուշի մարզերում վերհանված խնդիրները՝ ագրարայինի մասնագետները նշում են, որ երկու մարզերում էլ առկա է բարձրագույն կրթությամբ անասնաբույժ-անասնաբույծների և ագրոնոմների պակաս, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման անհրաժեշտություն, ջրի արդյունավետ օգտագործման նպատակով հիդրոպոմպերի գործարկում, մասնագիտական տեղեկատվության պակաս, ինչը լրացնելու համար անհրաժեշտ է կազմակերպել երկարաժամկետ և կարճաժամկետ դասընթացներ, հանդիպումներ և խորհրդատվություններ գյուղատնտեսության ոլորտի տարբեր մասնագետների հետ՝ անասնաբույժներ, անասնաբույծներ, ագրոնոմներ, հողագործներ, կաթ վերամշակողներ և այլն:
Հանդիպումների ընթացքում հնչել են մի շարք առաջարկություններ, պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունը երկուստեք խորացնելու՝ ի շահ մարզերի գյուղատնտեսների:
Մեթոդական ցուցումների, պրեզենտացիաների և տեղեկատվական մի շարք այլ նյութերի մատուցմամբ, համայնքային այցելությունների միջոցով համալսարանի դասախոսական կազմը պատրաստ է գյուղատնտեսներին տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ ընդլայնելու և հզորացնելու իրենց տնտեսությունը:
Բուհում կստեղծվի խորհրդատվական հարթակ, որտեղ ՀԱԱՀ-ի մասնագետները առցանց տարբերակով կպատասխանեն գյուղատնտեսների հարցերին՝ փորձելով նրանց զերծ պահել վերահաս խնդիրներից: Նախքան հարթակն ստեղծելը գյուղատնտեսները կարող են իրենց հուզող հարցերը [email protected] էլեկտրոնային հասցեին, իսկ բուհի կողմից հարթակի ստեղծվելուց հետո հարցերը և պատասխանները կկենտրոնանան մեկ վայրում՝ տեսանելի լինենով հանրությանը: