Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սամվել Թամոյանը առաջարկ է ստացել Կիրառական գյուղատնտեսական գիտությունների միջազգային ամսագրից (Iternational Journal of Applied Agricultural Sciences, http://www.ijaas.org/)` դառնալու հեղինակավոր այս պարբերականի խմբագրակազմի կամ գրախոսողների թիմի անդամ։ Առաջարկի համար հիմք է ծառայել նրա հեղինակությամբ ՀԱԱՀ «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի անգլերեն տարբերակում հրապարակված «Տեխնածին աղտոտված հողում ծանր մետաղները վնասազերծող մելիորանտի օպտիմալ չափաբաժնի հաշվարկ» հոդվածը, որտեղ խոսվում է ծանր մետաղներով հողի աղտոտման հետեւանքով հողի արտադրողականության եւ արտադրանքի որակի անկման, մարդու առողջության վտանգման խնդիրների հաղթահարման նպատակով այդ հողերի վերակուլտիվացման հույժ արդիական խնդրի լուծման մասին։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր «Տեխնածին աղտոտված հողում ծանր մետաղները վնասազերծող մելիորանտի օպտիմալ չափաբաժնի հաշվարկ» հոդվածը լայն հետաքրքրություն է առաջացրել, մենք պատիվ կհամարենք, եթե Դուք մեր պարբերականում տպագրության համար ուղարկեք Ձեր չհրապարակված աշխատությունները եւ միանաք մեր խմբագրակազմին կամ գրախոսողների թիմին»,- ասված է IJAAS-ի խմբագրական գրասենյակից ուղարկված նամակում։
Այնուհետեւ միջազգային պարբերականի պատասխանատուները նշում են, որ խորապես տպավորված են Թամոյանի կատարած հետազոտությունների մանրամասնություններից, որոնք արտացոլված են հոդվածում։
Շնորհավորելով պարոն Թամոյանին (անշուշտ, նա ամենեւին միակը չէ մեր հետազոտող դասախոսներից, որ հեղինակավոր միջազգային պարբերականի խմբագրակազմում ընդգրկվելու առաջարկ է ստանում), կուզենայինք մեր գործընկերների ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրել անգլերենով «հրապարակվելու» կարեւորությանը։ Ձեր արժեքավոր հետազոտությունների վերաբերյալ անգլերեն հոդվածները, մեր համալսարանը եւ դուք որպես գիտնական՝ կարճ ճանապարհով դառնում եք միջազգային գիտական հանրության ուշադրության առարկա։
Եվ, ինչպես ցույց է տալիս պարոն Թամոյանի օրինակը, սա կարելի է անել նաեւ մեր համալսարանի «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի՝ միջազգային գիտական հանրությանը հասանելի անգլերեն տարբերակում ձեր հոդվածները հրապարակելով։ Շնորհավորում ենք նաեւ պարբերականի խմբագրակազմին, որ կարեւոր առաքելություն է իրականացնում մեր համալսարանում ստեղծվող գիտական արդյունքի հանրայնացման գործում։