Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մասնակիցներն օգոստոսի 13-ին այցելեցին Արմավիրի մարզի Արտամետ համայնքում գտնվող Ռանչ ՍՊԸ ընկերության տնկարան եւ այգի։
Գործնական պարարմունքը նվիրված էր ՀՀ-ում տնկարանի ձեւավորման բաժնի դաշտերում 1 եւ 2 տարեկան տնկիների որակական գնահատման հարցերին։ Ընկերությունը հիմնել է կորիզավոր պտղատեսակների՝ սալորենու, կեռասենու, ծիրանենու ինտենսիվ տիպի այգիներ, որտեղ կիրառվում է ծառերի ձեւավորման UFO համակարգը, որը նորություն է Հայաստանի համար։
Ընկերությունը սեփական կարիքները բավարարելու համար զբաղվում է նաեւ UFO ձեւավորման համակարգին համապատասխան վերը նշված պտղատեսակների ցածրաճ տնկանյութի արտադրությամբ, մասնավորապես կեռասենու համար օգտագործելով կիսագաճաճ Կոլտ, իսկ ծիրանենու համար՝ գաճաճ Միրաբոլոնո տեսակներին պատկանող պատվաստակալներ։
Գործնական պարապմունքի ընթացքում ծրագրի փորձագետներ Գայանե Ավագյանը եւ Արամ Ասատրյանը ծրագրի մասնակիցներին ներկայացրեցին ձեւավորման վերը նշված համակարգի առանձնահատկությունները, իսկ տնկարանի բաժիններում կատարվեց նաեւ ծիրանենու, սալորենու եւ կեռասենու տնկանյութի որակական գնահատում։
Այցելության ժամանակ մասնակիցներն ուսումնասիրեցին եւ գնահատեցին այգու եւ տնկարանի բուսասանիտարական իրավիճակը, բացահայտեցին արեւային այրվածքից, պեստիցիդների ոչ պատշաճ կիրառումից եւ վարակիչ գործոններից առաջացած ախտանշաններ:
Դասընթացն իրականացնում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միությունից եւ համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցությունից (ԱԶՀ)։