Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մասնակիցների հերթական դաշտային գործնական պարապմունքի նշանակետը Արմավիրի մարզի Հովսեփյանների տնկարանն էր, որտեղ նրանք այցելեցին հուլիսի 30-ին։
Գործնական պարապմունքը նվիրված էր տնկարանի ձեւավորման բաժնի դաշտերում եւ սորտային մայրուտներում փորձորոշման առանձնահատկություններին։
Այս առումով ձեւավորման բաժնի 2-րդ դաշտում ներկայացվեցին ծիրանենու, դեղձենու, սալորենու տնկիների փորձորոշման կատարման կարգը՝ այն ձեւաբանական առանձնահատկությունները, որոնց վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սորտի տիպիկությունը պարզելու համար։
Սալորենու, կեռասենու, ընկուզենու սորտային մայրուտներում ներկայացվեցին նաեւ նշված կորիզավոր պտղատեսակների մայրուտների փորձորոշման առանձնահատկությունները՝ կատարման ժամկետը, ձեւաբանակենսաբանական եւ պտղասորտագիտական այն ցուցանիշները, որոնք պետք է գրանցվեն տվյալ պտղատեսակի տվյալ սորտի սորտային տիպիկությունը պարզելու համար։
Հարդյունս տնկարանի մշտադիտարկման, ծրագրի փորձագետները մասնակիցներին ներկայացրեցին նաեւ բուսասանիտարական վիճակը եւ դրա հնարավոր ազդեցությունը տնկանյութի առողջության եւ որակական ցուցանիշների վրա:
Դասընթացն իրականացնում է Ագրարային համալսարանը՝ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միությունից եւ համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցությունից։