Գործակցային հուշագիր Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի հետ

Ապրիլի 12-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանին եւ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանին հյուրընկալեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ում, որտեղ ռեկտոր Ուռուտյանը համագործակցության հուշագիր ստորագրեց ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի հետ։ Հուշագրի հիմնական նպատակը հայաստանյան աշխատաշուկայի՝ ստանդարտացման եւ չափագիտության ուղղությունները բարձրակարգ մասնագետներով համալրելն է։

Ռեկտոր Ուռուտյանը գոհունակություն հայտնեց հուշագրի ստորագրման փաստից՝ որպես արդեն մեկնարկած գործակցությունը հաստատութենական հիմքերի վրա դնելու հանգրվան։ Նա բարձր գնահատեց Ազգային մարմնի հետ գործակցության հնարավորությունը՝ ՀԱԱՀ ուսանողների փորձուսուցումների եւ աշխատանքային կիսամյակի անցկացման, նրանց մրցունակ գիտելիքներով զինելու տեսակետից ընկերության լաբորատոր հնարավորությունների օգտագործման, համալսարանի դասախոսներին ընկերության փորձագետների ուժերով վերապատրաստելու, համալսարանում ստեղծված նորարարական ուսումնական լաբորատորիաների սարքերի ու սարքավորումների չափագրման ու հավաստագրման եւ մի շարք այլ առումներով։

Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը հաճույքով եւ պատրաստակամորեն արձագանքեց ռեկտորի պատկերացումներին եւ նշեց, որ ընկերությունը, որի աշխատանքի հսկայական մասնաբաժինն, ի դեպ, հենց սննդամթերքի ստանդարտացումն է կազմում, այժմ մասնագետների տարիքային խնդրի առջեւ է կանգնած։ «Հաշվի առնելով սերնդափոխության լուրջ անհրաժեշտությունը, առաջիկայում մենք անպայման կունենանք  ձեր շրջանավարտների կարիքը», – ասաց պարոն Բաբայանը։

Ազգային մարմնի ղեկավարը հետաքրքրվեց առհասարակ շրջանավարտների տեղավորման իրավիճակով, որի մասին հակիրճ տեղեկություններ հաղորդեց ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը։ Վերջինս առաջարկեց համալսարանի համապատասխան կրթական ծրագրերի ուսումնական պլանների արդիականացման գործում ներգրավել Ազգային մարմնի փարձագետներին։ Այս առաջարկը եւս արժանացավ Ազգային մարմնի ղեկավարների դրական արձագանքին։

Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմինը ներկայում կառուցվածքային եւ ծրագրային արմատական բարեփոխումների փուլում է, հարդյունս որի Հայաստանը շուտով կունենա միջազգայնորեն մրցունակ ստանդարտացման եւ չափագիտական մարմին։ Ագրոտեխնոլոգիական կերպափոխման ճանապարհին գտնվող Ագրարային համալսարանի գործակցությունն Ազգային մարմնի հետ երկուստեք խոստումնալից հեռանկարներ ունի։

Հրաժեշտից առաջ ռեկտոր Ուռուտյանը պարոն Բաբայանին նվիրեց համալսարանի «Սերունդ» գինին։