Գործակցային հուշագիր Երեւանի շոկոլադի գործարանի հետ

Հայաստանյան եւ արտերկրի բազմաթիվ շոկոլադասերների սիրելի «Մարկ Սեւունի» եւ «Սոնուար» ապրանքանիշերով հայտնի Երեւանի շոկոլադի գործարանի հետ Ագրարային համալսարանի համագործակցությունը նոր չի սկսվում։ Արդյունավետ, փոխհամաձայնության եւ փոխադարձ աջակցության ոգով ուղեկցվող համատեղ աշխատանքներն ու գալիք խոստումնալից համատեղ ծրագրերը իրենց արտացոլումը գտան մայիսի 25-ին կնքված համագործակցության հուշագրում, որ ստորագրեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ գործարանի արտադրության գծով փոխտնօրեն Լեւոն Գեւորգյանը:

Ողջունելով ներկաներին, ռեկտոր Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց թե գործարանի ներկայացուցիչներին եւ թե Պարենամթերքի տեխնոլոգիայի ֆակուլտետի ու Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակիցներին՝ արդյունավետ համագործակցության ամուր հիմքեր դնելու համար, մասնավորապես՝ արտադրական փորձուսուցման եւ աշխատանքային կիսամյակի անցկացման առկա հնարավորությունների տեսակետից։ Ռեկտորը գոհունակություն հայտնեց արդեն ձեւավորված եւ բնականոն հունով ընթացող գործակցությունը հաստատութենական հիմքերի վրա դնելու իրողությունից։ Պարոն Ուռուտյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ համալսարանի Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիան կարող է օգտակար լինել նաեւ գործարանի մասնագետներին՝ որոշակի փորձարկումներ անցկացնելու համար։

Պարոն Գեւորգյանը նշեց, որ գործարանի սեփականատերը եւ ղեկավարությունը մեծապես շահագրգռված են Ագրարային համալսարանի հետ սերտ համագործակցությամբ։ Նա ՀԱԱՀ ուսանողներին հրավիրեց արտադրական պրակտիկա անցնել իրենց մոտ՝ հետագայում աշխատանքի անցնելու իրական  հնարավորությամբ, մանավանդ այս պահին էլ գործարանում կա տեխնոլոգների, քիմիկոսների եւ այլ մասնագետների կարիք։

Լեւոն Գեւորգյանն, առհասարակ, Ագրարայինի մեծ բարեկամն է դարձել, եւ այս հարցում «մեղավոր» են իր՝ պարոն Գեւորգյանի պրոֆեսիանալ անվրեպ աչքն ու, ինչպես ինքն է արտահայտվել նախկինում՝ Ագրարային համալսարանի «անընդհատ ամրապնդվող դիրքերը»։