Հաղթանակի օրվա առթիվ այսօր Ագրարային համալսարանի մի խումբ ուսանողներ եւ աշխատակիցներ այցելեցին Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմում զոհված ագրարայինցիների պայծառ հիշատակին։
Օրվա խորհրդին համահունչ եւս մեկ իրադարձություն տեղի ունեցավ․ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին եւ ՀՀ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին, որոնք ծաղիկներ խոնարհեցին Ագրարային համալսարանի՝ Երկրորդ աշխարհամարտում զոհված դասախոսների եւ ուսանողների հուշակոթողին։
Բարձրաստիճան հյուրերը համալսարան էին եկել սրտառուչ առաքելությամբ․ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Գյուղատնտեսության էլեկտրաֆիկացում եւ ավտոմատացում մասնագիտության առաջին կուրսի ուսանող Գոռ Մարգարյանը ՀՀ կառավարության կողմից արժանացել է Արիության մեդալով եւ մեր հյուրերը հաճույքով հանձնեցին պարգեւը մեր հերոսին։ Արարողությանը ներկա էին Գոռի հայրը, համալսարանի ֆակուլտետների ղեկավարները, Գոռի կուրսընկեր-մարտական ընկերները։ Պարգեւատրման արարողությունը սկսվեց հանուն Հայրենիքի անմահացած հերոսների հիշատակին լռության րոպեով։
Երեք պատերազմների բովով անցած, Մարտական խաչի եւ բազմաթիվ այլ շքանշանների ու մեդալների ասպետ գեներալ Սիմոնյանն ըստ արժանվույն գնահատեց Գոռ Մարգարյանի անցած մարտական փառավոր ուղին՝ նրան անվանելով իսկական հերոս։ Նա վստահություն հայտնեց, որ նվիրյալ զինվորը Ագրարային համալսարանում էլ իրեն կդրսեւորի որպես առաջամարտիկ եւ պատշաճ ջանքեր կգործադրի ոլորտի լավագույն մասնագետներից մեկը դառնալու համար։
Վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանի շնորհավորական խոսքն էլ սրտառուչ էր՝ նվիրված 44-օրյայում անմահացած Մարտական խաչի ասպետ իր եղբոր մարտական ընկերոջը՝ Գոռին։
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին եւ նշեց, որ Գոռ Մարգարյանի անցած ուղին օրինակելի եւ ուղենիշային է ոչ միայն ապագա սերունդների, այլեւ հենց իրենց կուրսընկերների համար։ Ռեկտորը շնորհակալագիր հանձնեց Գոռին՝ Հայրենիքին մատուցած անբասիր ծառայության համար եւ հայտնեց, որ նա նաեւ դրամական խրախուսանքի է արժանացել Ագրարային համալսարանի կանադահայ բարեկամների կողմից։