Լաբորատոր որակյալ ինտեգրացված ծառայությունների (IQLS) հայաստանյան ներկայացուցչությունը հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին իրականացնելու է մասնագետների վերապատրաստումների շարք` մեր երկրում այս տարի մեկնարկած Լաբորատորիաների ղեկավարների եւ առաջնորդների համաշխարհային ծրագրի (GLLP) շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից (CDC), Եվրոպայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ECDC), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից (FAO) եւ մի քանի այլ կազմակերպություններից:
IQLS-ի կենտրոնական գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում, նշելով նախապատրաստական փուլում արձանագրած առաջընթացը, մասնավորապես շնորհակալություն է հայտնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանին՝ GLLP ծրագրի հարակայունության ապահովման գործում առանձնահատուկ դերակատարության համար:
Ծրագրի պատասխանատուները՝ գլխավոր գիտական պատասխանատու Անտուան Պիերսոնը (Ֆրանսիա), լաբորատորիաների ազգային մասնագետ Զարուհի Դավթյանը (Հայաստան), միջազգային մասնագետ Արսեն Զաքարյանը (Կանադա) եւ լաբորատորիաների ավագ մասնագետ դոկտ. Օբերտ Կաչուվեյրը (Ֆրանսիա) նախապատրաստական եւ մեկնարկային բավականին աշխատանքներ են իրականացրել: Կազմվել է GLLP-ի աշխատանքային խումբը, ընտրվել են 10 հոգուց բաղկացած մենթորների խումբը եւ 18 մասնակիցներ, որոնց համար անցկացվել են առաջին առցանց եւ դեմառդեմ վերապատրաստումները GLLP-ի ներածության եւ կառավարման մոդուլների վերաբերյալ:
GLLP-ի հայաստանյան ներկայացուցչությունը մեծապես սատարում է ծրագրի հարակայունության գաղափարը՝ ձգտելով այն փոխակերպել հավաստագրային կամ դիպլոմային կրթական ծրագրի: Առաջիկա վերապատրաստումների թեման առաջնորդության կարողություններն են: