Սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի բաժին

Փեփոյան Աստղիկ Զավենի

կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Վարիչ

Հետադարձ կապ

Պատմությունը և նպատակը

Սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի /ՍԱԿ/ բաժինը կազմավորվել է 2010 թվականին: Բաժնի ստեղծման համար հիմք է հանդիսացել դեռևս 2000 թվականին կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Զ. Փեփոյանի կողմից հիմնադրված ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի միջբջջային փոխազդեցությունների լաբորատորիան, որը ՀԱԱՀ էր տեղափոխվել 2008 թվականին՝ որպես Մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա: Գիտությունների տարբեր՝ մոլեկուլային կենսաբանություն, կենսաքիմիա, բջջային կենսաբանություն, իմունոլոգիա, կենսատեխնոլոգիա, բույսերի ֆիզիոլոգիա, պարենամթերքի տեխնոլոգիա, կենսաանվտանգություն, կենսաէթիկա ոլորտներում մասնագիտացված գիտաշխատողների յուրօրինակ համագործակցությունը բաժնում լայն հնարավորություններ է ստեղծել սննդի անվտանգությանը և կենսատեխնոլոգիային վերաբերող խնդիրների բազմակողմանի վերլուծության ու լուծման ուղիների առաջադրման համար: Սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են երեք` սննդամթերքի որակ և կենսաանվտանգություն, ախտորոշում և կենսատեխնոլոգիա ուղղություններով: Բաժնի գիտական գործունեության հիմնական ուղղությունը գենետիկական, մետաբոլիկ և թաղանթային մակարդակներով մարդու, կենդանական, բուսական և բակտերիալ բջիջների ակտիվությունների մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրությունն է, ինչպես նաև կենսատեխնոլոգիական նպատակներով դրանց օգտագործումը:

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՐԱԿ և ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

– վիտամիններ և տոքսիններ,
– սննդամթերքում պաթոգենների որոշում (ձկնամթերք, հյութեր, մսամթերք),
– հակաբիոտիկներ, հակաբիոտիկային մնացորդներ,
– հակաօքսիդանտներ,
– սպիտակուցներ, սպիտակուցային մնացորդներ,
– սննդամթերքի ալերգեններ:
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Աշխատակիցների կողմից իրականացվում են մանրէաբանական, իմունաքիմիական, հեմատոլոգիական հետազոտություններ: Խմբի հիմնական ձեռքբերումը «Բիոթեստ» ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս իրականացնել տնտեսապես ձեռնտու և որակյալ ախտորոշում:
ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Գիտահետազոտական աշխատանքների հիմնական նպատակը մարդու և կենդանիների առողջական վիճակը բարելավելու գործընթացում պրոբիոտիկների դերի բացահայտումն է՝ հիմնվելով մոլեկուլային կենսաբանության, կենսաքիմիայի և իմունոլոգիայի ժամանակակից նվաճումների վրա:

Մանկավարժական գործունեություն.

  • Դասախոսություններ՝ ընդհանուր կենսաբանության, մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի, իմունոլոգիայի ժամանակակից մեթոդներ,
  • Դիպլոմային, մագիստրոսական և թեկնածուական թեզերի ղեկավարում,
  • ՈՒսանողների ներգրավում գիտահետազոտական աշխատանքներում, քննարկումներում, սեմինարներում,
  • ՀՀ ԳԱԱ և արտերկրյա գիտաշխատողների կողմից պարբերական մասնագիտական դասախոսությունների կազմակերպում,
  • Վերապատրաստման դասընթացներ,
  • Առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում մարդու ու կենդանիների աղիքային միկրոֆլորայի խախտումների կարգավորման միկրոկենսաբանական ուղիների մշակում:

ՍԱԿ բաժնի աշխատակիցներն ակտիվորեն համագործակցում են ինչպես Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի, այնպես էլ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Սլովակիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ: Լաբորատորիայի նվաճումներից է «Բիոթեստ» արդյունավետ ծրագիրը, որը նախատեսված է կլինիկաներում Enterobacteriaceae բակտերիաների տարբերակման համար և կարող է լայնորեն կիրառվել նաև սննդի ախտորոշման գործընթացներում: Լաբորատորիայի աշխատակիցների կողմից ստացվել և լիցենզավորվել է ԱՍԱՓ պրոբիոտիկը: