Գիտխորհուրդը հաստատեց գիտական թեմաների հաշվետվությունները․ գիտական արդյունքը շոշափելի է, կարիք կա հանրայնացման

Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ ՀԱԱՀ-ում իրականացվող գիտական թեմաների ամփոփիչ հաշվետվությունների քննարկմանն ու հաստատմանը։

Անսալով ռեկտոր Ուռուտյանի հորդորին, ներկայացվող յոթ գիտական թեմաների հաշվետվությամբ հանդես եկող գործընկերները փորձեցին հակիրճ կանգ առնել իրականացված թեմաների գիտական արդյունքի, ունեցած ձեռքբերումների, առաջացած (առաջացող) խնդիրների, ուսանողների եւ ասպիրանտների ներգրավվածության, գիտական պարբերականներում համապատասխան հրապարակումների եւ հետագա զարգացումների հնարավորությունների վրա։

Թեմաների հրատապության, գիտական ու տնտեսական արժեքավորության ու հեռանկարայնության առումով ընդհանուր պատկերը միանգամայն գոհացուցիչ է։ «Կառավարման եւ ավտոմատացված համակարգով բարձր արտադրո­ղական այգեգործական հողամշակ մեքենայի պատրաստում եւ արտադրական փորձարկում» գիտական թեմայի հաշվետվությամբ հանդես եկավ թեմայի ղեկավար Արթուր Ալթունյանը, «Հողի կառուցվածքային մոդելավորմամբ հողամշակ մեքենաների բանող օրգանների պարամետրերի հիմնավորում եւ հողամշակման որակական ցուցանիշների բարելավում» թեմայի հաշվետվությունը ներկայացրեց թեմայի կատարող Դավիթ Խաժակյանը, «Հավերի էյմերիոզի տարածվածությունը Հայաստանի ֆերմերային եւ անհատական տնտեսություններում»՝ թեմայի ղեկավար Լիանա Գրիգորյանը, «Հասկավոր հացաբույսերի (գարի, հաճար, ցորենաշորա) նոր սորտերի մշակության արդյունավետության գնահատումը կանաչ գյուղատնտեսությու­նում»՝ թեմայի ղեկավար Համլետ Մարտիրոսյանը, «Լանջերի հողի մշակման նոր էներգախնայող տեխնոլոգիայի եւ համապիտանի ագրեգատի մշակում եւ ներդրում»՝ թեմայի ղեկավար Պարգեւ Տոնապետյանը, «Բույսերի գենոտիպի պահպանություն ԴՆԹ-բանկի ստեղծմամբ»՝ թեմայի ղեկավար Մանվել Բադալյանը, «Տեղական բուսական հումքից սննդային հավելումների եւ բարելավիչների ստացում»՝ թեմայի ղեկավար Նարինե Հովհաննիսյանը։

Քննարկումից ակնհայտ դարձան թեմաների հրատապությունը, գիտական ու տնտեսական արժեքավորությունն ու հեռանկարայնությունը, նորամուծական տարրերը, ստեղծված մեքենասարքավորումների՝ արտասահմանյան նմանակների որակին նվազագույնը համարժեք որակն ու բազմակի անգամ ավելի մատչելի  ինքնարժեքը, բույսերի նոր մշակաձեւերի արդյունավետության գնահատման մշակված մեթոդների առավելությունները, հողերի մշակության տեխնոլոգիաների էներգախնայողականությունը եւ այլն։

Ընդհանուր առմամբ, բավականին բարվոք վիճակ ուրվագծվեց նաեւ բարձր ազդեցության գործոն ունեցող միջազգային գիտական պարբերականներում տպագրված հոդվածների քանակի եւ գիտական ընդգրկման, արված գյուտերի արտոնագրման առումով։

Վերոնշյալ բոլոր պարամետրերով գնահատելով արված մեծ աշխատանքը, ռեկտոր Ուռուտյանը  շնորհակալություն հայտնեց գիտական թիմերին ու ղեկավարներին, հավելելով, որ անհրաժեշտ է ապահովել աշխատանքների հետեւողական շարունակականությունը եւ, որ շատ կարեւոր է՝ գիտական արդյունքի հանրայնացումն ու առեւտրայնացումը, մանավանդ, որ ունենք հողամշակ մեքենաներ ստեղծող թիմի լավ օրինակը։ Ռեկտորը հորդորեց փորձարկումները շարունակել ՀԱԱՀ-ի ուսումնափորձարարական տնտեսություններում, իսկ ֆինանսատնտեսական հիմնավորումների հարցում ապավինել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի գործընկերների մասնագիտական օժանդակությանը։

Առհասարակ ստեղծված գիտական արդյունքի հետագա «ճակատագրի» պատշաճ տնօրինման համար պարոն Ուռուտյանը հորդորեց կանգ չառնել, հետեւողականորեն առաջ գնալ՝ երկրին օգնելու հստակ գիտակցումով։

Գիտխորհուրդը քննարկեց նաեւ ընթացիկ հարցեր, ներառյալ անվանական կրթաթոշակների քանակի նվազեցման եւ գումարի մեծացման նկատառումով դեկանատներին ուղղված հանձնարարականը՝ քննարկել եւ առաջարկներ ներկայացնել անվանական նոր կրթաթոշակների վերաբերյալ՝ հաշվի առնելով տվյալ բնագավառում համաշխարհային դերակատարում ունեցած հայազգի գիտնականների անունները ներառելու հնարավորությունը։