Գիտենալ եւ… կիրառել

Ագրարայինում դասական իմաստով արձակուրդային շրջան չի լինում: Միշտ որեւէ դասընթաց, վերապատրաստում, արտերկրի գործընկերներին հանդիպելու, փորձը փոխանակելու հնարավորություն կա: Եւ այս ընթացքը գերազանց է: Իսկապես, ինչպե՞ս կարող են գիտնականն ու մանկավարժը արձակուրդ գնալ, «քնով ընկնել»: Չէ որ միշտ որոնելու, սովորելու, իմացության-տվյալների «պաշարները» լավարկելու անհրաժեշտություն կա: Իսկ բուհը այդ հնարավորությունն ընձեռում է՝ ներս ու դրսում:

Երեկ, հուլիսի 25-ին մեկնարկեց կլոր սեղանը, որի աշխատանքները կշարունակվեն ներառյալ մինչեւ ընթացիկ ամսվա 28-ը: Հյուրին ներկայացրեց ՀԱԱՀ-ի Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների ԳՀԻ-ի ղեկավար, պրոֆեսոր Աստղիկ Փեփոյանը: Միխայիլ Չիկինդասը Ռաթգերսի պետական համալսարանի (Նյու Ջերսի, ԱՄՆ) պրոֆեսոր է։

Առաջին հանդիպումը նվիրված էր գիտական հոդվածներ գրելու խնդրին: Հոդվածներ, որոնք կգոհացնեն բարձր ազդեցություն ունեցող հանդեսների խմբագրակազմերին: Վերջին շրջանում այս թեմայով վերապատրաստումների՝ կարելի է ասել, շարք եղավ մեր բուհում:

-Պատմելու եմ բաներ, որոնք կարծես բոլորս էլ գիտենք,- լսարանին է դիմում Չիկիդասը,- բայց չենք կիրառում:

Մեր հյուրը խոսում էր անգլերեն, բայց մասնակիցները հարցեր ու կարծիքներ կարող էին հնչեցնել նաեւ ռուսերեն:

Հաջորդ հանդիպումները նվիրված կլինեն պրոբիոտիկներին, գյուղկենդանիների վարակների վերահսկման խնդիրներին, բակտերիոցինների կիրառությանը սննդագիտության ոլորտում: